Փոխանցեք, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքանը չէ. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և խորհրդի անդամների միջև վեճ սկսվեց:

«Եթե խոսում եք բարիկադների մասին, այդ բարիկադը ստեղծվել է ձեր իշխանության ժամանակ… Ինձ հետաքրքիր է այս ամենը քննարկվե՞լ է: Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի իշխանական թիմի, որը եկավ իշխանության խոստումներ տալով, որ ռեկտորները պետք է ընտրվեն հարյուր տոկոս ուսանողների և դասախոսների ձայների շնորհիվ, որոշումները պետք է կայացվեն բացառապես նրանց ձայնի արդյունքում,իսկ հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր:

Հետաքրքիր է, դուք այս ամենը քննարկե՞լ եք ձեր ղեկավարի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին, որովհետև ինձ համար պարզ է, որ որոշում կայացնողների և պլաններ կազմողների խմբի մեջ չեք եղել: Եվ եթե հետագայում առիթ հանդիսանա, որ դուք ներկա գտնվեք որոշում կայացնողների հետ նույն ժողովում, փոխանցեք նրան, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքանը չէ, հենց այդպես փոխանցեք, և ինքը կհասկանա, թե ինչ նկատի ունի ԵՊՀ ուսխորհրդի նախագահը»,- ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանին ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Եթե Հարցը գտնվում է ՍԴ-ում և հիմքերից մեկը բուհական ինքնավարությունն է, և ինչպես դուք եք նշում՝ կարող է ճանաչվել հակասահմանադրական, կամ կարող է չճանաչվել, եթե կա նման վեճ, դուք ոչ թե փորձելու եք ՍԴ որոշումից առաջ ընկնել և ենթաօրենսդրական ակտով կարգավորումն ամրագրել, այլ պետք է հասկանանք, որ կա վեճ, որը պետք է լուծում ստանա: Եվ այդ լուծման համար պետք է սպասենք, որովհետև ապրում ենք իրավական պետության մեջ»,-ասաց Դավիթ Ափոյանը: