Փորձ է արվում ուղղաձիգ կառավարման մոդելը ամեն կերպ փաթաթել ԵՊՀ-ի վզին․ Կառլեն Խաչատրյան․ Tert.am

Ցավում եմ, որ հնարավորություն չունեցանք որոշ հարցադրումներ բարձրաձայնելու, քանի որ նախարարը գործընկերների հարցերին բավականին ընդլայնված էր պատասխանում՝ փաստացի դրանով սահմանափակելով հարցերի քանակը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլեն Խաչատրյանը՝ անդադառնալով այսօր ԵՊՀ-ում կայացած ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանի և դասախոսների հետ հանդիպման բովանդակային քննարկմանն և արդյունավետությանը։

«Ողջունելի է այդ հանդիպումը, բայց մենք հարցերի ավելի կոնստրուկտիվ լուծումներ էինք փորձում տեսնել։ Սա էլ ավելի խորացրեց մեր մտահոգությունը, որ նախ այս ամբողջ պրոցեսը կազմակերպված և ուղղորդված է մեկ կենտրոնից, և երկրորդ՝ սրա նպատակը բուհերի կառավարման բարձրագույն մարմինը՝ Հոգաբարձուների խորհուրդը, վերահսկողության տակ վերցնելն է։ Նախարարը իր խոսքում նշեց, որ 32 հոգանոց խորհրդում 16 պատվարժան, փորձառու մարդ դժվար է գտնել, որ Կառավարությունն ու նախարարությունը համատեղ նշանակեն, բայց փաստացի կառավարության որոշման փոփոխությամբ 20-ից 13-ին են իրենք նշանակելու։ Այստեղ, իմ կարծիքով, նախարարը այնքան էլ անկեղծ չէ։

Խաչատրյանը ընդգծում, է, որ խնդիրը ոչ թե պրոֆեսիոնալ մարդկանց նշանակելու հարցն է, այլ կենտրոնից տրված հրահանգները կատարող, լիարժեք վերահսկելի մարդկանց նշանակելու խնդիր կա։

«Փորձ է արվում ուղղաձիգ կառավարման մոդելը ամեն կերպ փաթաթել ԵՊՀ-ի վզին։ Նախարարը այսօր անուղղակի կերպով փաստեց, որ նախորդ՝ հունվարի 29-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստին իրենք չկարողացան նախագահ կարգել, երբ նշեց, որ նիստը վերջին կաթիլն էր։ Այսպես նրանք գնացին դեստրուկտիվ ճանապարհով՝պարալիզացնելով Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները։ Եթե գնանք իրենց առաջարկած ճանապարհով և ԵՊՀ-ի նոր ձևավորված Հոգաբարձուների խորհրդում կրկին չընտրվի իշխանության սրտի նախագահը, նոր Հոգաբարձուների խորհրդի կազմ պետք է ձևավորվի՞»։

Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ այս արհեստականորեն արված ձգձգումներից տուժում է բուհը, բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված ու փաստացի Հոգաբարձուների խորհուրդը մատնվում է անգործության։