ԵՊՀ-ը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը Դումանյանին

«Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության՝ խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոս ուսանողների և դասախոսների համակազմի շնորհիվ, որոշումները կայացվեն նրանց ձայնի արդյունքում։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր»,- դիմելով ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
«Դուք այս ամեն ինչը քննարկե՞լ եք ձեր ղեկավարի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, և ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին։ Ինձ համար արդեն պարզ է, որ դուք այս որոշում կայացնողների, պլաններ կազմողների խմբի մեջ չեք եղել։
Եթե հետագայում առիթ հանդիսանա, որ ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովի մեջ, փոխանցեք նրան, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի։ Հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը»,- ասաց Դավիթ Ափոյանը։
«Չեմ պատրաստվում ձեր ասածը գնամ ու փոխանցեմ վարչապետին։ Անկախ ամեն ինչից՝ խնդրում եմ արտահայտվել կոռեկտ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։ 

Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնալատարը ԵՊՀ-ում հանդիպում է բուհի գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բուհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես կառավարության ընդունած վերջին օրենքը, ըստ որի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը: