Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 2098 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 5 հա տարածք, 3 կմ ճանապարհ, հայտնաբերել՝ 3 պայթյունավտանգ առարկա և ստուգել 11 շինություն:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2098 հա տարածք, 650,3 կմ ճանապարհ, 1 796 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։