Տարակուսում էի` Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս կարող է անլուրջ վերաբերվել հանրահավաքի օրվա ընտրությանը, շատ կարճ ժամանակից հասկացա…

Այսօրվա հանրահավաքի առնչությամբ և այսօրվա հանրահավաքին նկատեցի մի շարք բաներ, այժմ դրանցից միայն երեքի մասին

 

Իմանալով հանրահավաքի մասին, սկզբում սխալ համարեցի դրա համար ընտրված օրը, քանի որ նախապես գիտեի, որ մայիսի 9-ն անձրևային է լինելու: Մտածեցի, հնարավոր է, վերոնշյալի պատճառով քիչ մարդ գա, իսկ եթե դա այդպես եղավ, առաջին ու պատասխանատու հանրահավաքն ինչ-որ առումով կձախողվի:

Նաև տարակուսում էի, թե Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս կարող է անլուրջ վերաբերվել հանրահավաքի օրվա ընտրությանը, նախապես ծանոթ չլինել եղանակի տեսությանը…

Դե, հասկանալի էր, որ մայիսի 9-ը հատուկ էր ընտրված, ընտությունն այդ խորհրդանշական իմաստ ուներ, քանի որ մայիսի 9-ը մեր  հաղթանակների օրն է, եռատոնի օրը, իսկ այսօրվա հանրահավաքը համարվում է ազգային վերազարթոնքի և մի նոր հաղթանակի սկիզբը դնելու օր: Հաղթանակ, որից է կախված մեր Հայրենիքի փրկությունը, մեր երկրի ազատագրումը դավաճանի իշխանությունից և նրա ետևում կանգնած, հայերիս և Հայաստանին թշնամի արտաքին ուժերից: Այդ բոլորը հասկանալի էր, բայց, այդուհանդերձ, խելամիտ էր հանրահավաքն անձրևային օր նշանակելը, երբ վտանգ կար, որ հորդառատ անձրևի դեպքում այն կարող էր անցնել սակավամարդության պայմաններում:

Շատ կարճ ժամանակից հասկացա, որ Քոչարյանը խելամիտ որոշում է կայացրել. թող որ նույնիսկ հորդառատ անձրև լիներ, շանթ և ամպրոպ, իր և իր շուրջ համախմբվածների հանրահավաքին, հանուն Հայաստանի հանրահավաքին եկողը կգար: Չէին գա միայն պարապ հետաքրքրասերները, իսկ պարապ հետաքրքրասերներն իրեն և իրենց պետք չէին, նրանք ընդհանրապես պետք չեն ոչ հանրահավաքի, ոչ էլ նախընտրական պայքարի ու Հայրենիքի փրկության համար: Հակառակը` նրանց ներկայությունը խաբուսիկ կլիներ` իրական աջակիցների թվաքանակի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար:

Չնայած հոծ ամպամածությանը և անձրևի մեծ հավանականությանը, այսօրվա հանրահավաքի ընթացքում Ազատության հրապարակը լեփ- լեցուն էր մարդկանցով` Քոչարյանին ու նրա հետ նույն` «Հայաստան» դաշինքում գտնվող քաղաքական ուժերին հավատարիմ, անդավաճան մարդկանցով:

Երկրորդ. եղանակը, բնությունը կամ Աստված, այնուամենայնիվ, բարեհաճ եղավ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության, նրանց աջակիցների, համակիրների, հանրահավաքի բոլոր մասնակիցների և նույնիսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Մինչ հանրահավաքը տեղացած հորդառատ անձրևը վերսկսվեց հանրահավաքից բավական հետո:

Երրորդ. հանրահավաքի ավարտից, Քոչարյանի ու քաղաքական մյուս առաջնորդների, գործիչների հեռանալուց նույնիսկ մոտ մեկ ժամ հետո էլ Ազատության հրապարակում բավական մարդիկ կային, չէին շտապում ցրվել, տուն գնալ, զրուցում էին, քննարկում…  Զգացվում էր, որ հրապարակում դրական աուրա կա, հույսի, հավատի մթնոլորտ է առաջացել:

 

Արթուր Հովհաննիսյան