«Պատիվ ունեմ»-ի երիտասարդները նամակներ հանձնեցին ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանատներին և ՄԱԿ-ի գրասենյակին

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի (ՀՀԿ, «Հայրենիք») երիտասարդները բաց նամակներ են հանձնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատներին և ՄԱԿ-ի գրասենյակին:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ԱՄՆ դեսպանատան առջև ընթերցեց իրենց ուղերձը՝ ուղղված միջազգային հանրության գլխավոր դերակատարներին:

«Դուք՝ որպես աշխարհում միջազգային հանրության ձայնը և խիղճը ներկայացնող միջազգային կառույցներ, ունեք աշխարհի բոլոր ազգերի նկատմամբ պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանական գործողությունները կանխելու բացառիկ առաքելություն:

76 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը միահամուռ ջանքերով ջախջախեց ֆաշիզմը, և թվում էր, թե այսուհետ թույլ չի տա որևէ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և վայրագությունների կրկնություն, թերևս, նաև այդ նպատակով ստեղծվեցին հայտնի միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, և այլն, սակայն 20-րդ դարի ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը 21-րդ դարում առաջադեմ մարդկության աչքի առաջ, նույնիսկ առցանց ռեժիմով, մարդասպան ԱԹՍ-ների կիրառմամբ հերթական անգամ դարձավ իր ագրեսիվ հարևանների ցեղասպանական նկրտումների զոհը, իսկ միջազգային հանրությունը հերթական անգամ չկարողացավ կանխել մարդկային ողբերգությունը, ձախողեց պատշաճ արձագանքել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության երկրորդ փորձին»,- գրված է նամակում:

Նա նշեց, որ միջազգային հանրության՝ շատ դեպքերում անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ պատերազմի սանձազերծմանը։

Սոս Հակոբյանը նամակի միջոցով հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում հրետակոծվում էին Արցախի խաղաղ բնակչությունը, հիվանդանոցները, մշակութային հուշարձանները, կրոնական հաստատությունները, մարդկանց դեմ կիրառվում էին արգելված զինատեսակներ, ինչի հետևանքով փոքրիկ Արցախում հազարավոր զոհեր, վիրավորներ, տեղահանվածներ եղան, գերի ընկած մարդիկ խոշտանգվեցին, կտտանքների ենթարկվեցին։

Պատերազմում ահաբեկիչներ ներգրաված Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նշեց նա, գործնականում որևէ գործողություններ չկիրառվեցին։

«Արդեն պատերազմից հետո մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ արձանագրեցին պատերազմական հանցագործությունները։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է պահպանել հայ գերիներին, նրանցից շատերը խոշտանգվում են։ Վերջերս հայտնի դարձավ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց սպանությունների վերաբերյալ»,- շարունակեց ընթերցել նա՝ ավելացնելով, որ այդ լռության ներքո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած մշակութային կոթողները, շիրիմները պղծվում են, ավերվում, փորձում են յուրացնել հայկական սրբատեղիները։

Նա ընդգծեց, որ համամարդկային աղետները սկսել են փոքր ազգերի նկատմամբ անարդարությունից և դրա միջազգային հանրության կողմից անտեսումից։

«Էրդողանն ու Ալիևն ունեն բոլոր հնարավորությունները դառնալու 21-րդ դարի Հիտլերն ու Մուսոլինին։ Եթե նրանց չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել երկրորդ համաշխարհային պատերազմից»,- նշեց նա։