Առյուծն ու աղվեսը

Լեռ Կամսարի տաբու ծաղրախաղից մի պատառ

ԱՌՅՈՒԾ -Աղվե՛ս, ես կամենում եմ սոցիալիստական կարգեր ստեղծել իմ կենդանական թագավորության մեջ։

ԱՂՎԵՍ – Պրոլետարիատ ունե՞ս, որ հենվես վրան։ Աշխատավոր մասսա։

ԱՌՅՈՒԾ -Էշից ավելի աշխատավոր պրոլետա՞ր։ Կհենվեմ այդ աշխատավոր կենդանիների վրա և պրոլետարիատի դիկտատուրա կհայտարարեմ:

ԱՂՎԵՍ – էշե՞րը պիտի կառավարեն երկիրը։ Նպատակահարմար չեմ գտնում։ Իշխանություն տվիր իշուն, ողջ երկիրը կվարի, փուշ ու տատասկ կցանի։

ԱՌՅՈՒԾ – Չնայած ողջ կյանքդ կոլխոզի հավերն ուտելով ես անցկացնում, էլի չես հասկացել բանի էությունը։ Մենք իշխանությունը կհանձնենք էշին, որ նա աշխատի, մենք՝ գազաններս, ուտենք։ Այնպես, ինչպես մարդկանց մոտ է տեղի ունենում։

ԱՂՎԵՍ – Ո՛չ, տե՛ր առյուծ, էշը համառ կենդանի է, էշը մարդ չէ։ Նա որ մի անգամ նստավ, էլ վեր չի կենա։ Այս մեկ, երկրորդ՝ սոցիալիզմը պիտի լոզունգ ունենա։ Օրինակ՝ աշխատել ըստ կարողության, ուտել ըստ պահանջի։ Մեզ մոտ ոչ մի գազան չի աշխատում և միայն պիտի ուտի՞։

ԱՌՅՈՒԾ – Ի՞նչ վնաս դրանից։ Մարդկանց մոտ էլ է այդպես, ամբողջ ժողովուրդն աշխատում է, մի տասնհինգ մարդ՝ ուտում։

ԱՂՎԵՍ – Ես պիտի լինե՞մ կառավարության կազմում։

ԱՌՅՈՒԾ – Անպայման։ Պետությունը միայն բռնությամբ չի կարելի կառավարել։ Տեղ կա, որ պետք է խաբել։

1953թ․, «Կարմիր օրեր»

Լեռ Կամսար