Վրաստանում պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Պատվաստումների առաջին կուրսն ավարտելուց հետո Վրաստանում մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով:

ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
«Արդեն 300 դեպք է հայտնաբերվել, երբ մարդիկ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո կորոնավիրուսով են վարակվել: Մենք ուսումնասիրում ենք այս հանգամանքը, այնուամենայնիվ, առաջին պատվաստումից հետո գրեթե բոլոր դեպքերում վարակը ընթանցել է բավականին հեշտ և շատ հաճախ առանց ախտանիշների», – ասել է Գամկրելիձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանում մարտի 15-ից բնակչությունը կորոնավիրուսի դեմ պատվաստվում է AstraZeneca, Pfizer և Sinopharm դեղամիջոցներով: Վերջին տվյալների համաձայն՝ պատվաստվել է ավելի քան 54 հազար մարդ: Իշխանությունները պատրաստվում են մինչև տարեվերջ պատվաստել չափահաս բնակչության 60 տոկոսին՝ հավաքական իմունիտետ ձևավորելու համար:

Վրաստանում մինչ օրս հայտնաբերվել է 319 266 դեպք, որը կազմում է ընդհանուր բնակչության 8,56 տոկոսը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 298 807 մարդ, մահացել՝ 4245-ը: