Մեր բարի խոհուրդն է՝ չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ. Հրանտ Եպիսկոպոսյան

«Հզոր համախմբմամբ, ուժերի գերագույն մոբիլիզացիայի հաշվին մեզ հաջողվելու է  երկիրը փրկել անխուսափելի փլուզումից»,- «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ասուլիսի ժամանակ ասաց ՀԿ-ի խորհրդի նախագահ, ԱԱԾ  տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:

Նա նշեց, որ մոլագար պոպուլիստներին չպետք է թույլ տան ուտել մարդկանց միտքն ու ուղեղները, շարունակել հասարակությանը բաժանել նախկինների ու նորերի, սևերի ու սպիտակների, գայելի ու գելխեղդների:

«Մեր բարի խոհուրդն է՝ չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ»,- ընդգծեց Հրանտ Եպիսկոպոսյանը:

Նրա խոսքով, քաղաքական պոպուլիզմն առավել քան ռեալ վտանգ է ու այն ավերիչ կարող է լինել ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի համար, հետևաբար իրենց կարողության սահմաններում, եթե, իհարկե, կայանալու են ընտրությունները, հնարավորինս ֆիքսելու են ընտրակաշառք բաժանելու,  վարչական ռեսուրս կիրառելու դեպքերն ու ընդհանրապես ապօրինի բոլոր երևույթները, հետևելու են, որ նախընտրական քարոզարշավն ընթանա ազնիվ, բաց և թափանցիկ, խստագույնս համապատասխանեն օրենքի նորմին, քաղաքական պայքարի էթիկային:

Հ. Եպիսկոպոսյանը ներկայացրեց իրենց ՀԿ-ի հիմնական նպատակները. «Ազգային անվտանգության համար ակնհայտ սպառնալիք հանդիսացող մարտահրավերներին դիմագրավելը, արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող հակազգային կառույցների գործունեության մասին փաստեր հավաքելու աշխատանքները կազմակերպելն ու լուսաբանելը, երկրի  ռազմական հզորությունն ամրապնդելը, պահեսազորային սպայակազմի կարող ուժերի փորձն ու խնդիրները ծառայեցնելը,  ոլորտի բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, դինամիկ զարգացում ապահովելը, Հայաստանում պահեստազորային սպայակազմի բարձր հեղինակությունը  պահպանելն ու դրան աջակցելը, պահեստազորային սպայակազմի շահերը, իրավունքները պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական ատյաներում սպասարկելը:

Ընդգծում եմ՝ ի սկզբանե կազմակերպությունը ստեղծել ենք որպես ապաքաղաքական կառույց, սակայն կյանքը բերում է իր անհրաժեշտ խմբագրումները: Երկրի շահերով մտահոգ,  մինչև մեր այս միությունը ձևավորումը, փետրվարին մենք պահեստազորում գտնվող բարձրաստիճան  սպաների պատկառելի կազմով միացանք ՊՆ Գլխավոր շտաբի պահանջներին՝ գտնելով, որ  առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալ, երկրում քաղաքական կայունություն հաստատել  կարող է լինել միայն գործող իշխանության հրաժարականի դեպքում:

Ցավով ենք արձանագրում, որ ապաշնորհ կառավարման արդյունքում երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքացիական հասարակությանը հասցված է կործանարար հարված, որի մեղավորության մեջ  գործող իշխանությունները տեսնում են ամեն մեկին, բացի իրենցից:

Հայաստանից զատ՝ ծանրագույն հարված է  հասցված Արցախին»:

Հրանտ Եպիսկոպոսյանը ներկայացրեց «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի խորհրդի անդամներին՝ գեներալ-մայոր, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյան, գեներալ-մայոր, ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյան, գեներալ-մայոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյան, գենարալ-մայոր, ԱԱԾ վարչության նախկին պետ Սամվել Սանամյան, գնդապետ, ԱԱԾ կազմակեպված հանցավորության դեմ բաժնի պետ Կարեն Հակոբյան, գնդապետ, ԱԱԾ-ում մեծ հեղինակություն վայելող Ասյա Բաղդասարյան:

«Պարոն Վանեցյանին խորհրդի կազմում ներգրավելը եղել է մեր գաղափարը, որովհետև պարոն Վանեցյանը սպա է, ունի գեներալ-մայորի կոչում, ներկա պահին իրեն չներգրավելը մեր ՀԿ-ի գործունեության մեջ կդիտվեր սխալ»,- ասաց Հ. Եպիսկոսպոսյանը: