Փառահեղ, ազնվագույն, հայրենասեր երիտասարդների սերունդը հավաքեցին-տարան, կրակի համար ցա՞խ էին հավաքում. Ռազմիկ Դավոյան

Մայիսի 9-ին պետք է գնալ Ազատության հրապարակ և լսել Ռոբերտ Քոչարյանի խոսքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, «Հայելի» մամուլի ակումբում ասաց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։

«Փառահեղ, ազնվագույն, հայրենասեր երիտասարդների սերունդը հավաքեցին- տարան, կրակի համար ցա՞խ էին հավաքում, որ տանեին վառեին թուրքերի և ազերիների ոտքերի առաջ և սկսեն տաքացնել իրենց ձեռքերը, դեռ Ամերիկային էլ հրավիրել, որ նա էլ գա ձեռքերը տաքացնի այդ խարույկի վրա»,- ասաց գրողը, հավելելով, որ գործող իշխանություններին հեռացնելը համահայկական նշանակության հարց է, սակայն կարևոր է նաև, որ իշխանությունը պատասխանատվություն կրի իր գործած սխալների համար։

Նրա խոսքով՝ իշխանություններից այլ բան պետք չէ պահանջել, քանի որ ունակ չեն ոչ մի այլ բանի:
Նկատելով, որ հասարակության մեջ դեռ կա մի փոքր զանգված, որը հավատալով կամ շահագրգռված լինելով՝ տալիս է իշխողների անունը՝ Ռազմիկ Դավոյանը նշեց. «Փաշինյանը, հորինելով այս ընտրությունները, իր տերերին ասում է, որ գնում է մինչև վերջ՝ իր խոստումները կատարելու, որ նրանք չասեն, թե ինքը ինչո՞ւ և որտե՞ղ կանգնեց»:

«Այն մարդիկ, որոնք ասում են, որ ոչ մեկի չեն ընտրելու, ցանկանում են տեսնել երրորդ ուժ, պետք է հասկանան, որ երրորդ ուժը մեր ամբողջ ժողովրդի հավաքական ներուժն է։ Այդ հավաքական ներուժը խոհեմաբար հավաքեք այն անձանց շուրջը, որոնք կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից։ Չե՞նք տեսնում, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ միասին կարող են դուրս բերել երկիրն այս վիճակից և ժողովրդին ու երկիրը տանել փրկության ճանապարհով։ Ես սա եզրակացնում եմ Լավրովի խոսքի երանգներից և ուղղակիորեն լսում եմ այս մարդկանց բերանից, որ մենք կարևորագույն որոշ բաներ վերադարձնելու հնարավորություններ ունենք և չենք տալու մեր երկրի թանկագին մասը՝ Նժդեհի պաշտպանած մասը, թուրքերին և ազերիներին։ Եթե ճանապարհի հարց կա, այդ հարցը կլուծվի մեր ռազմավարական դաշնակցի ակտիվ մասնակցությամբ, եթե մենք նոր ղեկավար ունենանք»,- ասաց նա։

Անդրադառնալով հայրենիքի փրկության շարժման չկայացման խնդրին՝ Ռազմիկ Դավոյանը ասաց. «Ընդդիմությանը շատ պետք չէ մեղադրել, քանի որ նրանց գործն ազնիվ էր, բայց խայտառակ իրավիճակը փոխելու համար հնարավորություններ կային և նրանք բաց թողեցին այն, որը սարսափելի սխալ եմ համարում»: