Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլև չի ցանկանում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկական մամուլը գրեթե չանդրադարձավ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջև առևտրային համագործակցությունը սաուդների կողմից ավելի դաժան կերպով արգելակվեց՝ կրճատվելով ավելի քան 90%-ով։ Այս գործողություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպված է մեկնել Ս. Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։

Այս լուրը ոչ միայն Մերձավոր Արևելքում ուժի ցուցադրության՝ որպես միակ աշխատող գործիք ընդգծելու համար եմ բերում, այլև ևս մեկ կորցրած հնարավորության մասին խոսելու։

Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, այլ ոչ թե թուրքամետ օկուպացիոն ռեժիմ, ապա առնվազն նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանի Հանրապետությունն արդեն ռազմաքաղաքական բնույթի մի քանի պայմանագիր կնքած կլիներ երեք երկրի՝

– Իրանի,

– Սաուդյան Արաբիայի,

– Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

Հաշվի առնելով այս երեք երկրներից Հայաստանին եկող պարբերական ազդանշաններն ու համագործակցության ձևաչափերի խորացմանն ուղղված ուղերձները՝ մենք դեռ հետաքրքիր ենք տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին։ Միևնույն ժամանակ՝ այս երկրների հետ հարաբերությունների խորացումը մեր պետության անվտանգային և տնտեսական միջավայրը բարելավելու եզակի իրական հնարավորություններից է։

Բայց այդ և այլ հնարավորություններ իրականություն չեն դառնալու, քանի որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլև չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետև կապիտույլանտ է, տգետ ու փաստացի թուրքամետ՝ պատրաստ թշնամու առջև մշտապես ծնկի եկած մնալու։

Հենց սա է պատճառը, որ, օրինակ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն որևէ քայլ իմ նշված ուղղությամբ չեն պատրաստվում անել, այլև հակառակը։ Նրանք հետևողականորեն քանդում են Երևանի պետհամալսարանը, որի պատերի ներքո է գործում Հայաստանի ամենապետականամետ ինստիտուտներից մեկը՝ Արևելագիտության ֆակուլտետը, որում դասավանդող մասնագետները շատ լավ գիտեն տարածաշրջանային իրողությունները և բոլոր իմաստներով խանգարում են թուրքամետներին մինչև վերջ հանձնվել Թուրքիային։

Փոխարենը ուժեղացնելու մեր պետության դիմադրողականությունը՝ մենք տեսնելու ենք չիջում բոլոր հարցերում՝ հանուն սեփական իշխանության։

Ու Աստված մի՛ արասցե, եթե այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարությամբ շարունակի պաշտոնավարել։ Այդ դեպքում, մեծ հավանականությամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրա էլ կհայտնվի այն նույն պաստառից, որ տեսնում եք կից նկարում ու որի վրա գրված է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այսպիսի պաստառներ են փակցված այսօր Պոլսի հայկական բոլոր դպրոցներում (իսկ դպրոցների թիվը, ինչպես որ հայերինը, գնալով պակասում է)։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2»