Ոսկեպարի եղերական լուսաբացից անցել է 30 տարի

1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի ոստիկանության 20 աշխատակիցներ և նրանց չորս ուղեկցողները:

Դա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից է:

Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը ավտոբուսով ու «Նիվա»-ով գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:

Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել․ տխրահռչակ «Կոլցո»  («Օղակ») գործողությունն ընթացքի մեջ էր…

11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին․․․