Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 6-ին, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և  արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն է համարվել այդ ժամանակահատվածում արձակուրդում գտնված Նիկոլ Փաշինյանի կողմից արված հետևյալ երեք հայտարարությունները։

Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ իրականացնելու քարոզարշավի ընթացքում 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև  քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման և  Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»։

Փաշինյանը նաև  հայտարարել է. «Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն՝ Սերժ Սարգսյանի և  Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա միայն մի՛ բան ունեն անելու՝ կամավոր, թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին և  Հայաստանի ժողովրդին, և  ժողովուրդը կքննարկի՝ ների նրանց, թե չների»։

Նիկոլ Փաշինյանի երրորդ հայտարարությունը հետևյալն է. «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են և  նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են և  նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և  նրա ընտանիքի և  մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։