Բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների մշակույթը հանրային դիսկուրսի մաս դարձնելը․ Արման Թաթոյան

Մեր երկրում ներդրվել ու շարունակում է հանրային հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որը հասարակությանը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է։ Այս մասին ԱԺ-ում 2020-ի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելի են ավելացնում երկրում լարվածությունը։ Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով ՀՀ-ն խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու խրախուսումը»,-հայտարարեց նա, ապա ներկայացրեց օրինակ․

«Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն։ Նույն սկզբունքով դատապարտելի է հակառակը՝ իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի գործածումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» և այլն»,-ասաց նա։

ՄԻՊ-ն ընդգծեց՝ բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների մշակույթը հանրային դիսկուրսի մաս դարձնելը, նաև՝ որոշ պաշտոնյաների կողմից նման բառապաշար ևս գործածվում է։

Թաթոյանի խոսքով՝ սոցիալական մեդիայի ողջ հայկական տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով, փոխադարձ մեղադրանքներով։ Դրանց ծավալները վերջին տարիներին, ըստ Թաթոյանի, մեծացել են։