Հարկ է, որ ժողովուրդը արթնանա ու իմանա, որ այգին ծախու է դրվել, ծառը մեռնում է, հողը թունավորված ու բաժանված, և այգեգործը դեռ ասում է, որ նա դեռ «ապագա» ունի այդ այգում․ Տ․ Սերոբ քահանա Ազարյան

ԹԶԵՆՈՒ ԱՌԱԿԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ..

Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։ Ղուկ. 13։6-9

————————-

Մեզնից ամէն մարդ իր կեանքում իր համար իր «թզենին» է տնկում որպէսզի վայելի նրա տուած բարիքներից։ Որեւէ իմաստուն մարդ չկայ որ ծառ տնկի դրա անպտղութեան կամ անիմաստութեան համար։ Անհատական եւ ընտանեկան, կազմակերպական թէ երկրի մակարդակի վրայ, բոլորս կանչուած ենք «պտղատու թզենի» լինելու համար։

Մեզնից ոչ ոք անպտուղ գործերի ու կեանքի հետ կը մնայ ու շարունակի ամուլ ու ստաբաշխ էութեանց հետ, այլ կը կտրի այդ անպտղութիւնը եւ իր կեանքից կը վանի այդ բոլոր կեղծիքն ու ամլութիւնը։ Քրիստոսի առակը լաւապէս ու բառացիօրէն ցոյց է տալիս մեր երկրի՝ Հայաստանի ներկայ իրավիճակը երբ թզենի տնկող «մարդը» պտղի ժամանակին եկաւ պտուղ քաղելու ու չգտաւ։ Ու այգեգործին ասաց որ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐ ոչ մի պտուղ չի քաղել, արդ ինչի՞ համար հողն զբաղեցնի։

Վստահաբար, որ ոչ թէ թզենի, այլ երեք տարիների ընթացքում ամբողջ երկու պետականութիւն ու երկիր ու ամբողջ ընտանիքների ճրագները մարեցին, կեանքեր անհետացան, գերիներ տանջուեցին, մայրեր, կանայք ու երեխաներ որբ ու այրի մնացին, սրբութիւններ պղծուեցին որովհետեւ «այգեգործ» ԿՈՉՈՒԱԾԸ զբաղ էր իր ստաբարոյ խմբի ու այգիատիրոջ դէմ իր գրպանը լեցնելով ու անընդհատ ստելով։ Այդ «թզենին» մեռած էր որովհետեւ այգեգործը այգեգործ չէր, այլ ԳՈՂ, ԱՒԱԶԱԿ, ՍՏԱԽՕՍ, ԴԱՒԱՃԱՆ ու ԿՈՂՈՊՏԻՉ այդ այգու (այսինքն Հայաստանի) դէմ։ Մեր երկիրը դաւաճան այգեգործի ձեռքը երեք տարիներ ընկաւ կարծէք թշնամու ձեռքը, երբ ՈՉ մի խոստում կատարուեց ու ոչ մի գործ իրականացաւ բացի Արցախի թզենիի մի մասը թշնամուն յանձնելուց եւ Հայաստանի թզենին վտանգելով ու արմատը քանդելով, մեր ժողովուրդը պառակտելով, ստելով, ատելութիւն սերմանելով, սեւ ու սպիտակի, Հայաստանցի Արցախցի, հներ ու նորեր բաժանելով ու կռիւ ու իրարանցում աճեցնելով։ Մոռացա՜ն որ նրանք ԲՈԼՈ՛ՐԸ այգեգործ էին, եւ ո՛չ թէ ԱՅԳՈՒ տէրերը, երբ ամէն ձեւով քանդեցին այս հազարամեակների հնութեան այգու մշակոյթը, հաւատքը, հողի սերմնացնութիւնը, պտղատւութիւնը, պաշտպանութիւնը ու հիւսքը, ու ամէն բանի մէջ մեղադրեցին ԲՈԼՈՐԻ՛Ն, բոլորի՛ն, բացի իրենց կատարած սեւ աշխատանքից, ապիկարութիւնից, անճարակութիւնից ու դաւաճանութիւնից։

Սա է այն սրիկայութիւնը որից պէտք է վերջնականապէս ազատուել։ Այգետէրը մեղք չունի որ վստահեց գործը նրան…։ Թզենին մեղք չունի որ մատնուեց անտէրութեան ու անհոգութեան…։ Հողը մեղք չունի որ չխնամուեց ու ծախուեց…։ Ոչ էլ որեւէ այլ մարդ՝ բացի այգեգործից որ ամէն բանի մէջ միայն ուրիշներին մեղաւոր գտաւ, բացի իր անպէտք, ստախօս ու անպարկեշտ ու դաւաճան կեցուածքով երբ խաբե՛ց բոլորին, ու մեղադրե՛ց բոլորին, ծախե՛ց բոլորին ու բաժանե՛ց բոլորին, միայն որպէսզի մնայ որպէս այգեգործ, ու կարծի թէ այդ իր խլած պաշտօնը, ի ծնէ իր իրաւունքն է…։

Որովհետեւ մեր պարագայում ոչ թէ թզենին պէտք է կտրուի, այլ ստախօս ու բաժանարար այգեգործը։

Հարկ է որ ժողովուրդը արթնանայ ու իմանայ որ այգին ծախու է դրուել, ծառը մեռնում է, հողը թունաւորուած ու բաժանուած, եւ այգեգործը դեռ ասում է որ նա դեռ «ապագայ» ունի այդ այգում, երբ վաղուց պէտք է վռնտուէր իր գործից ու ահռելի պատժուէր ամբողջ երեք տարիները մսխելու համար։

Արթնացէ՛ք, դուք քնած ու անհոգ ժողովուրդ Հայաստանում, եթէ ձեր մէջ մնացել է մի նշոյլ պատիւ ու կեանք, ձեր իրաւունքները անսուրբ Եսաւների նման չծախելու մի աման ապուրների համար …։ Արթնացէ՛ք։

Արթնացէ՛ք… արթնացէ՛ք, քնած ու դաւաճանութեան հանդուրժող ժողովուրդ, որ ձեր մի պատառի համար այլոց արիւնը կը ծախէք, ու ձեր որդի չեղող գերիները մոռացութեան կը մատնէք…։ Արթնացէք…։

Արթնացէ՛ք, ապիկարութեան ու դաւաճանութեան հանդուրժող, եկեղեցիների գմբէթների քանդման համար անուղղակիօրէն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ու ՄԵՂԱՒՈՐ ՈՒ դաւաճանութեան ՀԱՆՑԱԿԻՑ ժողովուրդ, ԱՅՈ ՀԵՆՑ ԴՈ՛ՒՔ.. արթնացէ՛ք…։

Արթնացէ՛ք.. այս ԱՅԳԻՆ ԱՅԼՈՑ ԱՅԳԻՆ ՉԷ՛, ԱՅԼ ՁԵ՛ՐԸ..։

 

Տ. Սերոբ քահանայ