Տեր-Պետրոսյանը հավանաբար ապաքինման փուլում «Գահերի տիրակալ» սերիալն է դիտել և նոր մտահաղացումներ են եկել իշխանության հետ կապված. Անդրանիկ Քոչարյան

Ամիսներ առաջ կարծեմ պարոն նախագահը կորոնավիրուս էր ընկել և առողջացման փուլ է անցել, հիմա նորից առողջություն եմ մաղթում, քանի որ նրա հայտարարությունից մեջբերված խոսքերից ենթադրում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի արած նախկին հայտարարությունները մենք պետք է մոռանանք: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությանը, փոխանցում է Tert.am-ը:

«Նախկինում նա 2-րդ և 3-րդ նախագահներին ասում էր՝ նրանք սիամական զույգեր են, կամ հրեշներ և երկգլխանի հրեշը փորձ է անում դառնալ երեքգլխանի, կամ փորձ է արվում իշխանությունը վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Կա այլ վարկած, որ 3-րդ նախագահը բուժման ընթացքում կրկին անգամ դիտել է «Գահերի տիրակալը» հեռուստասերիալը և այնտեղ նոր մտահաղացումներ են առաջացել իր մոտ իշխանության ետ դարձի և նորովի իրար մեջ հարցերը պարզելու ուղղությամբ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց՝ հայտարարության հիմքում մի գաղափար է՝ երեք նախագահները պետք է վերադառնան, բայց նա մոռանում է, որ ինչպես ինքն էր ասում՝ ավազակապետության ճարտարապետները մերժված են:

«Նրանք մերժված են անհիշելի ժամանակներից, իսկ հիմա ինքը ասում է՝ ինչ-որ կարևոր խնդիր լուծելու համար մենք 3-ով նորից պետք է վերցնենք իշխանությունը  և 3-ով որոշենք իշխանության անելիքը, այսինքն 1-ին նախագահը երևի ուզում է գալ այն ելման կետին, որտեղ իրեն իշխանությունից հեռացրեցին մյուս 2-ը, և ուզում է վրեժ լուծել, նաև հեռանկարում տեսնելով կարող է խաղատախտակի վրա հնարավորություն լինի, որ վրեժը լուծի»,- նշեց նա:

Պատգամավորը նաև հավելեց՝ այստեղ որևէ շահ չկա բացի խաղաքարտերը խառնելուց, ընդ որում` այս հայտարարությամբ խաղաքարտերը չեն խառնվում, այս հայտարարությամբ, ըստ էության, առաջարկ է արվում նախկին 3 նախագահների նոր միավոր ստեղծելու, որպեսզի վերադառնանք այն արատավոր անցյալին:

«Արատավոր անցյալը մեր ժողովուրդը մերժել է` ձևավորելով այս իշխանությունը, իսկ գործող իշխանությունը ըստ էության ընտրությունների միջոցով փորձ կանի մանդատը թարմացնելու, և միայն ընտրությունների միջոցով կպարզվի՝ երկուսն էին հավերժ մերժված, թե երրորդն էլ կմիանա իրենց և միասնական կմերժվեն»,- հավելեց պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծեց՝ 1-ին  նախագահի հայտարարությունները համոզիչ չեն:

«Տեր-Պետրոսյանը 2008 թվականին արել էր հայտարարություններ, որի հետ կապված ինքը հիմա չի կարող բացատրություն տալ, այդ հայտարարություններով նա ասում էր՝ որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ավիրել են մեր երկիրը, հիմա այդ ավերակները ստեղծած երկու նախագահների հետ ինքն ուզում է մեր երկիրը վերջնականապես ավիրել, թող միավորվեն՝ հրաշալի առաջարկ է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: