19 հայ գերիների սպանությունները վկայությունն են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ անտեսման․ Ադամ Շիֆ

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեղավոր էր մարդու իրավունքների ծանր ու կոպիտ խախտումների մեջ: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների մասին հաղորդումները ևս վկայությունն են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը նշում է, որ մինչ մենք աշխատում ենք ապահովել մնացած ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, Միացյալ Նահանգները պետք է դաժան հետևանքներ դնեն Ադրբեջանի ու նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և վերջ դնեն 907 բանաձևի դադարեցմանը, որը թույլ է տվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին։

«Մենք չենք կարող ձեռքերը ծալած մնալ, քանի որ Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ։

Այս 19 տղամարդկանց և կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայկական համայնքի համար սիրտս ցավում է: Ես միշտ նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Միշտ»,- գրել է Ադամ Շիֆը։

Մայիսի 3-ին ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու  Արտակ Զեյնալյանը հայտարարեցին, որ գերության մեջ հայտնված անձանցից  19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: