Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարարին

Մայիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին: Այս մասին տեղեկացրել է Իրանում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Հաթամիին Արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերի համար:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության արդի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը։