ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բանակից խուսափածների նկատմամբ համաներման նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Օրինագծին կողմ քվեարկեց 85 պատգամավոր։

Նախագիծը հնարավորություն է ընձեռում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալ հայրենիք և սեփական ավանդը ներդնել մի շարք ոլորտների զարգացման գործում:

Համաներում է նախատեսվում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Համաներումը չի տարածվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց վրա։