Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի. Արման Թաթոյան

ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:

Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի:

Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան