ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի գլխավորությամբ Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի. Բորիս Ավագյան

Քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է  կատարել  ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել  3 հայ գերի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Այսօր Հայաստան են տեղափոխվել են 3 գերի, դա բացառապես Ռուսաստանի Կառավարության, Պաշտպանության նախարարության  եւ  Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է եղել»,– ասաց Ավագյանը։

Նշենք, որ այսօր երեկոյան, երբ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին գերիների վերադարձի մասին, փորձեցինք տեղեկությունը ճշտել փոխվարչապետի գրասենյակից, որը զբաղվում է գերիների հարցով։ Գրասենյակի մամուլի պատասխանատուն՝ Նժդեհ Հովսեփյանն ասաց, որ նման տեղեկություն չունի։

Առաջինը գերիների վերադարձի մասին տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել էր Բորիս Ավագյանը, որը, հիշեցնենք, Հայաստանի Ազգային ժողովում իմքայլական պատգամավորներին քննադատելուց հետո ազատվել էր Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Բորիս Ավագյանը ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ընկերն է և ինքն է զբաղվում գերիների վերադարձի շուրջ բանակցություններով։