Մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը թելագրամի իր ալիքում շարունակում է անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։
«Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝  ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է:

Այդ գործերի մեծամասնությունը կոնկրետ մարդկանց վրա ճնշման գործիք է՝ վախի և անընդհատ կախվածության մեջ պահելու և շանտաժի ենթարկելու համար: Քանի գործ է բացվել ու փակվել, որի մասին հասարակությունը չգիտի, որոնք դարձել են ներքին, անտեսանելի համաձայնությունների արդյունք: Քանի՞ գործ չի հարուցվել Նիկոլի կողմնակիցների դեմ, միայն այն բանի համար, որ շեֆը դրա կարիքը չունի: Ի դեպ այսօր ականատեսն ենք մեկ նոր քրեական գործի՝ երկրի նախագահի դեմ:

Անթիվ գործեր են հարուցվում քաղաքական պատճառներով: Սա տխուր ռեկորդ է Նիկոլի և նրա թիմի համար: Այս գործերի որակի մասին խոսելն ավելորդ է: Մարտի 1-ի գործը նրա արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր: Մի գործ, որի պատճառով ամբողջ համակարգը դեֆորմացվեց: Այս տարիների ընթացքում Նիկոլը մեծ թվով քննիչներ, դատախազներ, օպերատիվ աշխատակիցներ, օգնականներ և դատավորներ մեղսակից դարձրեց իր անօրինական նկրտումների:

Հաճախ եմ լսում խոսակցություններ այն մասին, թե ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց են ծառայել Նիկոլին: Դրանք ավելի սրվեցին, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատերը սկսեցին ընկալվել որպես Նիկոլի կապիտուլյացիայի գործընթացի մասնակիցներ: Բարդ հարց` պատվի և արժանապատվության մասին ժամանակակից հայկական պատկերացումների տեսանկյունից: Իրավունքի և մասնագիտական հարաբերությունների տեսանկյունից հեշտությամբ լուծվող խնդիր:

Բայց որքան էլ տարօրինակ է, պատասխանն ինքնին կգա առաջիկա ընտրարշավի ընթացքում: Եթե այդ նույն մարդիկ (ոստիկաններ, օպերատիվ աշխատակիցներ, քննիչներ և այլն) շարունակեն նույն եռանդով կատարել Նիկոլի անօրինական ցուցումները և ցանկությունները (և այդ մասին արդեն մարզերից շատ ազդակներ կան), ապա նրանք, ըստ էության, ընտրում են անձնական հավատարմություն Ֆյուրերին `մասնագիտական պատվի և պարտքի փոխարեն: Ընտրությունը մեծ չէ, բայց շատ պարզ է:

Իսկ եթե բոլորս՝ իրավապահից մինչև ընդդիմադիր այս պահից գիտակցենք, որ խնդիրը պետությունն է և ոչ թե անձնական քենը, ապա կարող ենք ապագայում  աշխատել՝ հանուն Հայաստանի, հանուն ավելի լավ Հայաստանի և հանուն նոր օրինական և ավելի հարգալից բարքերի»,- գրել է Արմեն Գևորգյանը։