Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում  ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ  մայիսի 4-ին այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․ Հայոց մեծ եղեռնի զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ հարգել ցեղասպանության զոհերի  հիշատակը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:

Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են  նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ. Աշնանային պատերազմներում հերոսացած հայորդիների  հիշատակին։

Ավելի վաղ Արթուր Թովմասյանն ընդլայնված կազմով հանդիպել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։

Հանդիպմանը ներկա էր նաև Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։