Եվրախորհրդարանի պատգամավորները 245 հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել են ԵԽ և ԵՀ

«Քիչ առաջ եվրոպական խորհրդարանի մեր գործընկերների կողմից հայտարարություն է տարածվել։ Այսպես, Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը՝ 121 պատգամավորների հետ դիմել է ԵՀ և ԵԽ նախագահներին՝ հարկադրելու Ադրբեջանին, որպեսզի ազատ արձակի հայ ռազմագերիներին»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա տեղեկացրեց, որ պատգամավորները հայտարարության մեջ, մասնավորապես, գրել են. «Խոսքն այն 72անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձանց մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն, և այն 61 անձանց մասին, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը հերքում է, սակայն հակառակն ապացուցող փաստեր կան»։

Արման Եղոյանը նկատեց. «Պատգամավորներն ընդգծել են, որ թեև Ադրբեջանը փորձում է ռազմագերիների մի մասին ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք իբր թե խախտել են հրադադարի ռեժիմը, սակայն դա ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել, բայց ամեն դեպքում, անկախ որևէ արդարացումից, Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերիների կարգավիճակի խախտում է»։

Նա նշեց նաև, որ պատգամավորները եվրոպական երկու ինստիտուտների ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքին, որ Բաքուն շարունակում է անտեսել ՄԻԵԴ պարտադիր պահանջը՝ տրամադրել տեղեկություն իր մոտ պահվող ռազմագերինեի մասին։