Գիտական ներուժը բանակին ծառայեցնելու մասին ԼՀԿ-ի նախագիծը իմքայլականները մերժեցին

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ձայների՝ 19 կողմ, 61 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ օրակարգ չմտավ։ Դեմ էին իմքայլական պատգամավորները։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ ողջ գիտական ներուժը կծառայի բանակին։

«Նախագծով նախատեսվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտական-գիտահետազոտական ծրագրեր, որոնք կիրկանացվեն՝ ելնելով բանակի, պետության կարիքներից։ Սրա համար կնախատեսենք տարկետում այն տղաների համար, որոնք կընդունվեն բակալավր և ի սկզբանե կկնքեն պայմանագիր, որ համաձայն են հետագայում իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար։ Բակալավրից հետո երկրորդ և երրորդ մակարդակի իրենց ուսումնառությունն այդ տղաները կիրականացնեն համապատասխան հաստատությունում՝ ստեղծված ռազմարդյունաբերության համալիրին կից, որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն կոնկրետ բանակին անհրաժեշտ ուղղությամբ»,- այսօրվա նիստում ներկայացրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։