Արդյո՞ք Հայաստանն ապագա ունի իմքայլականների հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Այսօր մամուլի ազատության օրն է․ ո՞րն է ազատ մամուլը և վերջին երեք տարիներին այդ առումով ի՞նչ ձեռքբերումներ կամ գուցե ձախողումներ ենք ունեցել։ Արամ Սարգսյանը, որպես նախկին լրագրող, խոսեց այս թեմաներից։

Անդրադարձանք այսօր իրավունքի ուժով ԱԺ-ում գումարված հատուկ նիստի օրակարգին՝ վարչապետի թեկնածուի առաջադրման և վարչապետի ընտրության հարցին։ Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չհամարձակվեց խախտել Փաշինյանի կողմից իրենց պարտադրած նախնական պայմանավորվածությունը։

Եթե քվեարկությունից 7 օր անց իրավունքի ուժով կրկին գումարված Ազգային ժողովի նիստում պատգամավորները վարչապետ չընտրեն, ապա ԱԺ-ը կլուծարվի և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Այսօր արդեն կարելի՞ է հստակ ասել, որ ընտրությունների անցկացումն իրողություն են։ Հաղորդման հյուրն ասաց, որ իրենք դեռ վստահություն չունեն, որ ընտրությունները կկայանան, իսկ եթե 100 տոկոս վստահություն լինի, ապա իրենք էլ կմասնակցեն իրենց քաղաքական թիմով։

Ո՞ւմ կողմից ստեղծվեց ընտրության օրակարգը, արդյո՞ք դրսի ուժերի պարտադրանք էր սա, թե հասարակական դժգոհությունը պարտադրեց իշխանություններին այդկերպ ժողովրդական ցասումը մեղմել, նաև վերարտադրվել և իրենց վարած քաղաքականությունը լեգիտիմացնել։

Ընտրությունները ճգնաժամի հաղթահարման հնարավոր ճանապա՞րհ է։ Արամ Սարգսյանի կարծիքով՝ ընտրություններն ավելի կխորացնեն երկրում առկա ճգնաժամը, և որևէ մեկը հաղթանակով դուրս չի գա այս ընտրություններից։

Անդրադարձանք նաև այսօր ԱԺ ելույթում Փաշինյանի կողմից Արցախի խնդրի կարգավորման հարցը ձախողման մեջ նախկիններին մեղադրելու մասին հայտարարություններին։

Ի՞նչ նպատակով է ուզում վերարտադրվել Փաշինյանը իր քաղաքական թիմի հետ, արդյո՞ք դեռ թշնամուն տարածքային զիջումների ծրագրեր պետք է կյանքի կոչի, որի համար էլ նա ցանկանում է վերընտրվել։ Ի՞նչ ծրագրեր ունի Թուրքիան Նախիջևանի հետ կապված։ Հաղորդման ժամանակ նշվեց, որ Նախիջևանով ադրբեջանը Թուրքիային կապելու ծրագիրն արդեն իրողություն է։ 2021 թվականի դեկտեմբերից շահագործման կհանձնվի ավտոճանապարհ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ Սյունիքի տարածքով: Ավտոճանապարհը կընթանա հետևյալ երթուղով՝ Բաքու-Սաբիրաբադ-Իշխանաձոր-Գորիս-Անգեղակոթ-Նախիջևան-Իգդիր:

Մանրամասները՝ տեսանյութում