Պատմաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ. բրիտանացիները հազարավոր խորհրդային գերիների են սպանել

1945 թվականի մայիսի սկզբին բրիտանացի զինվորականները խորտակել են գերմանական նավեր, որոնք տեղափոխում էին նացիստական համակենտրոնացման ճամբարի հազարավոր ռազմագերիների, որոնց մեծ մասը խորհրդային երկրների քաղաքացիներ է եղել:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայրենական մեծ պատերազմի մասին մինչ օրս անհայտ մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների պատմաբան Դմիտրի Խոխլովը:

1945 թվականի մայիսի 3-ին Բալթիկ ծովի Լյուբեկ ծովածոցում թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուները հարձակվել են «Կապ Արկոնա»-ի, «Տիլբեկ»-ի և «Դոյչլանդ»-ի նավերի վրա, որոնցով տեղափոխվում էր մինչև 12 հազար մարդ: Միայն մոտ 1000 ռազմագերու է հաջողվել ողջ մնալ:

Խոխլովը ներկայացրել է դեպքերի ականատես Վասիլի Սալոմատկինի նամակը, որը նա հղել էր պետական անվտանգության նախարարությանը: Դրանում ողբերգության ականատեսը գրել է, որ օդաչուներն անտեսել են նավերին ծածանվող սպիտակ դրոշները:

«Բրիտանացի օդաչուները, ֆաշիստների նման, ոչինչ չճանաչելով, նավի սպիտակ դրոշներին ուշադրություն չդարձնելով, անտեսելով տախտակամածի վրա սպիտակ վերնաշապիկով ողորմություն խնդրող մարդկանց, շարունակել են ռմբակոծել նավերը: Ռմբակոծությունը իրականացվել է շատ ցածր բարձրությունից»,- ասել է նա:

Սալոմատկինը գրել է նաև, որ ««Կապ Արկոնա» նավի խորտակման վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա հայտնվել են տորպեդո տեսակի նավակներ: Տեսնելով փոխադրամիջոցները՝ իրենք շտապել են լողալ դրանց կողմը՝ կարծելով, որ նավերն իրենց կփրկեն: Այնուամենայնիվ, պարզվել է ճիշտ հակառակը: Նավակների վրա կանգնած զինվորները գնդացիրներից գնդակահարել են լողացող գերիներին:

Խոխլովի խոսքով՝ այդ ժամանակ անգլիացիները իրենց բոլոր ջանքերը կենտրոնացրել են Լյուբեկը գրավելու վրա՝ հետապնդելով քաղաքական նպատակներ, այն է՝ առաջ անցնել խորհրդային զորքերից: Նրանց խնդիրն է եղել մարտական գործողություններին իրենց անմիջական մասնակցությունը ցույց տալը, ինչպես նաև Կարմիր բանակի՝ տարածքի վրա վերահսկողությունը կանխելը, որը թույլ կտար վերջիններիս հարձակվել Դանիայի վրա: