Մենք առաջնագծում ունենք վրաններ, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ․ Թագուհի Թովմասյան

Մեր երկրի սահմաններում կան անվտանգային խնդիրներ։ Փաստորեն, ինչ-որ աշխատանքներ են արվում, որ մեզ համար տեսանելի չեն։ Երբ Քարվաճառը հանձնվեց առանց մի փամփուշտի, իմ ծննդավայրի՝ Վարդենիսի անվտանգությունն էապես վտանգված է։ Անվտանգության բուֆերային զոննա այլևս չկա, և հիմա մեր սահմանը՝ Վարդենիսից մինչև Ջերմուկ, մեծապես երկարել է, մենք ձևավորել ենք առաջնագիծ, որը մինչև հիմա նույն վիճակում է, ոչինչ չի փոխվել կես տարվա ընթացքում։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Մենք առաջնագծում ունենք վրաններ, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ վրաններ, որոնք ադրբեջանցիները տեսնում են: Տեսնում են, որ մենք վրաններում ենք քնում, հողի վրա, իսկ իրենք՝ այլ պայմաններում։ Տեղ համայնքի մոտ իրենք արդեն տեխնիկայով խրամատավորվում են, փոխարենը մենք դա չենք անում։ Այս ամեն ինչը գաղտնիության քողի տակ ներկայացնելը լավագույն լուծումը չէ»,-ասաց պատգամավորը։

Վերջինս, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ եթե իրեն զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում, ապա պետք է լրացուցիչ ստուգում իրականացնել.

«Անտեսանելին միայն մտահոգություն է առաջացնում։ Հասկանում եմ, որ սահմանազատումը երկար և անհեռանկար աշխատանք է, գուցե տասնյակ տարիներ տևի, որովհետև շատ հարևանների հետ մինչև հիմա դեռ սահմանազատում չունենք։ Սպասել այդ օրվան, որ կարողանանք մեր առաջնագիծն ապահովել, չգիտեմ՝ ում հույսով։ Առավել ևս Ալիևի և ադրբեջանցի մյուս գործիչների հռետորաբանության ֆոնին»,-ասաց Թովմասյանը։