Դատարանը մերժել է ՊՆ երկու սպաներին Խծաբերդի դեպքերով կալանավորելու Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը

Առաջին ատյանի դատարանը մերժել է ՊՆ երկու սպաներին  Խծաբերդի դեպքերով կալանավորելու Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց սպաների պաշտպան Հրանտ Վարդանյանը:

«Փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանը և մայոր Վլադիմիր Ղուկասյանը կմնան ազատության մեջ: Դատարանը մերժեց քննչական վարչության պետի միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ: