Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը՝ խափանելով նաև ռուսական նախաձեռնությունները․ Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական շահերը՝ խափանելով նաև ռուսական նախաձեռնությունները

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Ադրբեջանի պատմության մեջ այդ պետության և ժողովրդի ամենանշանակալի գործիչը՝ վաղուց ապացուցված ճշմարտություն է։ Աշխարհում դժվար թե գտնվի ադրբեջանցի կամ օտարազգի մեկ այլ գործիչ, որը երբևէ ավելի մեծ օգուտ տված լինի Ադրբեջանին, քան դա եղավ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մտածված և հետևողական կերպով կործանելով հայկական երկու պետականությունները՝ նա Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ միաժամանակ ծնկի բերելով Հայկական բանակը՝ դառնալով նաև հազարավոր երիտասարդների մահվան պատճառ։ Նիկոլ Փաշինյանի ձեռքով է ստորագրվել նաև այն փաստաթուղթը, որով Ադրբեջանը պետք է ցամաքային հուսալի կապ հաստատի ոչ միայն իր համար անկլավային հանդիսացող Նախիջևանի, այլև Թուրքիայի հետ՝ անվտանգային և տնտեսական լուրջ մարտահրավերների առջև կանգնեցնելով Հայաստանին և հայ ժողովրդին։ Մի հարց, որը երբեք չէ եղել և չի քննարկվել հայ-ադրբեջանական բանակցային օրակարգում։

Նիկոլ Փաշինյանը, անձնապես և քաղաքականապես գտնվելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նսեմացված վիճակում, ապօրինի և բռնի ուժով շարունակում Հայաստանում զավթած պահել ողջ պետական իշխանական համակարգը՝ այն ծառայեցնելով Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկմանը՝ վտանգելով մեր հիմնական ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները՝ հավելյալ անվտանգային և տնտեսական խնդիրներ առաջացնելով Հայաստանի համար։

Դեռևս 2018 թվականին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված անմիտ և չկշռադատված, բացառապես նեղ անձնական, քաղաքական շահերով պայմանավորված անհաշվենկատ գործողություններով, Նիկոլ Փաշինյանը ծանր հարված հասցրեց Ռուսաստանի ջանքերով ստեղծված և Ռուսաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող այդ ռազմաքաղաքական միջազգային կազմակերպության հեղինակությանը։ Ավելին, Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո, Հայաստանը շուրջ մեկ տարի օգտվել է այդ կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված վետոյի իրավունքից՝ արգելափակելով նախապես համաձայնեցված ռոտացիոն հերթականությամբ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի ընտրությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելով այդ կազմակերպության լիարժեք կառավարման և ֆունկցիոնալ գործունեության համար։ Ի դեպ, որոշ ժամանակ անց, Հայաստանը ստիպված է եղել նույն մարդուն ընտրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ կազմակերպության անդամ երկրների մոտ թողնելով անլուրջ և անվստահելի գործընկերոջ համբավ և հեղինակություն։ Ընդ որում` ՀԱՊԿ-ի հանդեպ նման անթույլատրելի, դիվանագիտական և քաղաքական առումով խայտառակ դիրքորոշումը դրսևորել է մի մարդ (ի դեմս Նիկոլ Փաշինյանի), որը ՀՀ վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ, որպես ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության իր մյուս գործընկերների հետ, օրենսդրական նախաձեռնություն էր հանդես բերել, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմից։

Գրեթե նույն վերաբերմունքը Հայաստանը ցուցաբերել է ԵԱՏՄ-ի հանդեպ։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ Ռուսաստանի ակտիվ ջանքերով ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական բնույթի երկու խոշոր միջազգային կազմակերպությունները՝ ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ղեկավարում էին հայազգի գործիչներ Յուրի Խաչատուրովը և Տիգրան Սարգսյանը։ Յուր Խաչատուրովի, իսկ իրականում նաև ՀԱՊԿ-ի հանդեպ իրականացված արշավին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն անհիմն և անմիտ քրեական գործերով հետևողական պայքար էր սկսել նաև Տիգրան Սարգսյանի նկատմամբ։

ԵԱՏՄ-ի կողմից վարվող քաղաքականությունը վկայում է, որ այդ կազմակերպությունն իր հետագա հաջողությունները դիտարկում է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման համատեքստում։ Իրանի հետ ԵԱՏՄ-ի Ազատ առևտրի հետ համաձայնագրի կնքում, Եվրոպական Միության, Չինաստանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության զարգացումը դրա վառ վկայությունն են։ Դա բխում է ոչ միայն ԵԱՏՄ-ի, որպես առանձին կազմակերպության, այլ դրանում առաջատար երկրի՝ Ռուսաստանի շահերից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ կազմակերպության միջոցով ընդլայնել իր տնտեսական համագործակցության զարգացումը բազմաթիվ երկրների հետ՝ ընդլայնելով իր տնտեսական ազդեցության շրջանակները։ Ներկա պահին Ռուսաստանի համար չափազանց կարևոր է Ադրբեջանի հնարավոր ներգրավվածությունը ԵԱՏՄ նախաձեռնություններում՝ այդ կազմակերպության անդամակցության Ռուսաստանի համար նախընտրելի հեռանկարով։ Կարծում եմ, որ մեծ դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական գիտելիքներ պետք չեն, հասկանալու համար, որ դա չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի միասնական գործողությունները և հաղթանակի միասնական շքերթը, Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ դրոշերը վկայում են, որ այդ երկրներն ունեն այլ օրակարգ, այլ շահեր և այլ խնդիրներ։ Բայց մյուս կողմից Ադրբեջանի համար դժվար է մերժել Ռուսաստանի առաջարկություններն ու նախաձեռնությունները, քանզի դրանք կարող են առաջ բերել այլ խնդիրներ և հետևանքներ։ Եվ ահա, նման իրավիճակներում նրանց փաստացի օգնության ձեռք է մեկնում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանը՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի մասնակցությանը ԵԱՏՄ նախաձեռնություններին՝ օգտվելով կազմակերպության լիիրավ անդամի իր վետոյի իրավունքից։ Այսինքն, Ադրբեջան ու Թուրքիան Հայաստանի իրավունքներով և ձեռքով լուծում են իրենց համար կարևոր խնդիրներ՝ լեգիտիմ արդարացումներ ունենալով ԵԱՏՄ ծրագրերին Ադրբեջանի դուրս մնալու հարցերին։

Ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության 2021 թվականի մայիսի 1-ին տարածած հաղորդագրության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին։

Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի համար կործանարար հետևանքներ ստեղծած Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանությունը շարունակում է մի կողմից սպասարկել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, մյուս կողմից հակադրել Հայաստանի շահերը մի երկրի հետ, որը փաստացի ապահովվում է Հայաստանի և Արցախի մի մասի անվտանգությունը և որի հետ փոխհարաբերություններով է պայմանավորված Հայաստանի հնարավոր զարգացումն առաջիկայում։

Նիկոլ Փաշինյանի ադրբեջանա-թուրքական իշխանության արդեն յուրաքանչյուր վայրկյանը կործանարար է Հայաստանի և հայ ժողովրդի համար»։