Ընտրությունները լավագույն միջոցը չէր, բայց բոյկոտելը լուծում չի տալիս. Սոս Հակոբյան

««Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների տեխնոկրատ- քաղաքական թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին, անգամ եթե խաղա առանց դարպասապահի»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նա նշեց, որ երկու կողմից էլ ունեն շատ հարուստ և փոխլրացնող ուղեղային թիմ՝ իրենց անցած ճանապարհի, փորձի առումով, ինչը դաշտում բացառիկ է լինելու։

«Թե մեր դաշինքը, թե երկրորդ նախագահի, թե որոշ ուժերի մասնակցությունն ընտրություններին, կարծում եմ, մեծ վստահություն է վերցնելու էլեկտորատից և Ազգային ժողովում ունենալու է  հսկայական ներգրավածություն»,- ասաց Ս. Հակոբյանը։

Նա նշեց՝ Հայրենիքի փրկության շարժման շրջանակում  համագործակցած ուժերի հետ արձանագրել են, որ ունեն մեկ նպատակ ու թիրախ, և վստահություն ունի, որ այն պահպանվելու է այն պահից, երբ  Ազգային ժողովում ձևավորվեն խմբակցությունները։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ընտրությունների գնալով չե՞ն լեգիտիմացնում իշխանությունների գործողությունները, Սոս Հակոբյանն ասաց. «Ընտրությունները լավագույն միջոցը չէր այս քաղաքական արհավիրքը հանգուցալուծելու, երկիրը ճիշտ ճանապարհի վրա դնելու համար, բայց եթե Նիկոլ Փաշինյանը փաստ է դարձնում արտահերթ ընտրությունները, բոյկոտելը և մարդկանց ալտերնատիվ ընտրությունից զրկելը լուծում չի տալիս»։

Նա նշեց, որ վաղը հնարավոր է լինի այլ օրակարգ, Փաշինյանը փոշմանի ու ընտրություններ չանցկացնի,  «Հայրենիքը» երբեք, մինչև իր նպատակին չհասնի, պայքարից դուրս չի գալու։

«Մենք  այսօր խնդիր ունենք փոխել երկրում քաղաքական իրավիճակը, կանգնեցնել այս գլորումը դեպի անդունդը։
Այդ նպատակի համար, այո, այս պահին գտնում ենք, որ կոնսոլիդացիա է անհրաժեշտ ընդդիմադիր դաշտում, նաև որպես օրինակ ենք ծառայում դրա համար», ասաց բանախոսը, նշելով, որ ուժերի միատեղման միջոցով նաև այլ խնդիր են լուծում՝ ընտրությունների վերահսկման գործընթացը կարող է լինել ավելի արդյունավետ ու համակարգված։

Հիշեցնենք, որ «Հայրենիքը» և ՀՀԿ-ն հայտարարել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին։