Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը

Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը՝ գիտագործունեության, սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու տասնամյակներ: Հոբելյանական օրը մեկնարկեց «Գլաձոր-30» գիտաժողովը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կարևորելով նմանատիպ գիտաժողովները՝ նա նշեց, որ բուհի՝ որակյալ կադրեր պատրաստելու առաքելությանը կարող են մեծապես նպաստել նմանատիպ միջոցառումները: «Իմ կարգախոսն է՝ բուհը պետք է պատրաստի որակյալ կադրեր, պետք է պատասխանատվություն կրի իր շրջանավարտների համար: Այսպիսի գիտական ուղղվածության միջոցառումները լավագույն հնարավորություն են՝ ապահովելու ուսանողի կայուն զարգացումը»,- նշեց Կ. Թռչունյանը: Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանը լավագույն առիթ էր արժևորելու բուհի հիմնադիրների և պրոֆեսորադասախոսական կազմի երկարամյա, անմնացորդ նվիրումը: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանը, իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը: Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի երկարամյա դասախոս Արծրուն Էդիլյանն արժանացավ ՀՀ կառավարության ոսկե մեդալի: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով՝ նախարարության ոսկե մեդալի արժանացան «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քինակցյանը: Մի խումբ համալսարանականներ արժանացան ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի: Հանձնվեցին նաև համալսարանի ոսկե մեդալներ և պատվոգրեր: Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն անդրադարձավ երեսունամյա բուհի անցած ճանապարհին, ներկայացրեց այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել է համալասարանի ղեկավար և դասախոսական կազմը՝ կայացման դժվարին ճանապարհին: Եվ այսօր «Գլաձորը» մեկն է այն բարձրագույն ուսումնական հաստատություններից, որը կարողանում է հանրապետության համար պատրաստել բարձրակարգ մասնագետներ, մարդիկ, ովքեր մասնագիտական և մարդկային բարձր արժեքներ: Գործունեության երեսուն տարիները եղել են «Գլաձոր» համալսարանի հիմնադրման ու կայացման տարիներ, այժմ բուհը բռնել է կայուն զարգացման և ձեռքբերումների ուղի: