Թուրքերը «տխրությամբ» կհեռանան Սիրիայից…

ԱՄՆ-ում և արաբական երկրներում փորձագետները սկսեցին խոսել այն մասին, որ աշխարհում ստեղծված նոր իրավիճակը կարող է ստիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատարել Մերձավոր Արևելքում Իրանի և Ռուսաստանի մի շարք պայմաններ:

Տեղեկացնենք մեր հայրենակիցներին, թե ինչու են Արևմուտքն ու արաբական երկրները այժմ Թուրքիայից սպասում Անկարայի մերձավորարևելյան  քաղաքականության փոփոխության:

Ապրիլի 28-ին Լոնդոնում լույս տեսնող համաարաբական էլեկտրոնային «Rai al-Youm» թերթի գլխավոր խմբագիր Աբդ էլ-Բարի Աթվանը գրում է, որ Էրդողանը, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների լույսի ներքո, հավանական է՝ քայլեր ձեռնարկի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հաշտեցման ուղղությամբ: Դամասկոսի հետ հարաբերությունների լարվածության նվազումը և Անկարայի հաշտեցման պատրաստակամության ցուցադրումը թելադրված է մի շարք գործոններով: Դրանց թվում նկատվում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների զգալի սառեցում Ջո Բայդենի Սպիտակ տուն ժամանումից հետո և Բաշար ալ-Ասադի երկու հիմնական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի կողմից Էրդողանի նկատմամբ ճնշման աճը: Խոսելով սիրիական հակամարտության 10 տարիների ընթացքում Թուրքիայի առաջնորդի «քաղաքական շրջադարձի» և երկու արաբական «ծանր քաշայինների»՝ Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ վերջին քայլերի մասին, Աբդ էլ-Բարի Աթվանը կանխատեսում է, որ Էրդողանը կբարելավի իր կապերը նաև Ալ-Ասադի հետ՝ Մերձավոր Արևելքի իր կուրսում փոփոխություններ կատարելու հաջորդ փուլում, քանի որ նա արդեն հասկանում է, որ թուրքամետ ահաբեկիչների և «ընդդիմության» ուժերով Թուրքիան ի վիճակի չէ տապալել Սիրիայի նախագահին, իսկ Իրանը և Ռուսաստանը թուրքերին հնարավորություն չեն տա Սիրիայից տարածքների կտորներ «կրծել»…

Ըստ արաբ վերլուծաբանի, որը, ինչպես պարզվում է, արաբական հարցերում Անգլիայում և ԱՄՆ-ում հեղինակավոր գործիչ է ճանաչվում, Անկարան ստիպված կլինի գործել ավելի ճկուն, քան նախկինում և բարեկամություն փնտրել Դամասկոսի հետ՝ պատճառված վնասը մեղմելու համար, որն առաջացել էր վերջին 10 տարիներին։ Թուրքիայի աստիճանական հաշտեցումը Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, և որոշ չափով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ գրավել է արաբական քաղաքական շրջանակների ուշադրությունը՝ հիմք տալով ենթադրելու, որ Էրդողանը գնում է վերջին տասնամյակում Թուրքիայի արտաքին քաղաքական մոտեցումների էական վերանայման ճանապարհով, ընդգծում է Աբդ-Էլ Բարի Աթվանը:

Իսրայելը նաև ցուցադրում է Դամասկոսի նկատմամբ իր քաղաքականության վերանայման նախանշաններ՝ ավելի ու ավելիա հակվելով այն մտքին, որ Ալ-Ասադի իշխանության մնալը բխում է հրեական պետության շահերից: Իսրայելական ԶԼՄ-ները (օրինակ՝ «Եդիոտ Ահրոնոտ» թերթը) բացահայտ գրում էին, որ Սիրիայի ներկայիս նախագահին իշխանության պահելը Իսրայելի, Ռուսաստանի և Իրանի «ընդհանուր շահն է»: Եվ, ինչպես գիտեք, եթե «սեփականատերը» սկսում է փոխել իր վերաբերմունքը ինչ-որ մեկի նկատմամբ, ապա «տիրոջ շնիկը» դադարում է հաչել Սիրիայի ու Սիրիայի նախագահի վրա: Մեր կարծիքով, իմաստ ունի հավատալ արաբ փորձագետ Աբդ էլ-Բարի Աթվանի տվյալներին և հիմնավորմանը: Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը (այսինքն՝ նաև մեր Անդրկովկասը) գտնվում է լուրջ փոփոխությունների եզրին: Մենք կշարունակենք հետևել իրավիճակի զարգացմանը:

Թուրքերը «տխրությամբ» կհեռանան Սիրիայից, բայց մենք պնդում ենք, որ Իրանը և Ռուսաստանը պարտադիր կերպով պետք է Թուրքիային դուրս մղեն նաև մեր՝ Անդրկովկասյան տարածաշրջանից: 

Սերգեյ Շաքարյանց