Եթե իրենք վախենում էին դավաճանի պիտակից, հիմա ինչպե՞ս են ապրում․ Մետաքսե Հակոբյան․ NEWS.am

«Արցախում կյանքը կանգ է առել, ու բոլորը շունչները պահած սպասում են, որ մի օր լույս կբացվի»,-այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հետպատերազմյան Արցախն այսօր ի՞նչ վիճակում է։

«Այսօր իշխանությունները հանցավոր անգործության են մատնված ու միակ բանը, որ անում են՝ սուտ, կեղծիք տարածելն է, ինչպես պատերազմի ողջ ընթացքում։ Ու այս ամենը կատարվում է Արցախի ղեկավարի գլխավորությամբ»,-նշել է նա:

Ըստ պատգամավորի, Արցախում ընդամենը իշխանությունը խնդիրների լուծման ձև է անում, իսկ իրականում առ այսօր որևէ լուրջ սոցիալական ծրագիր չի իրականացվել, ավելին, իշխանությունները մարդկանց «ինչ-որ տեղ տեռորի են ենթարկում»։

Որպես օրինակ, Հակոբյանը նշում է այն, որ իշխանությունը կրճատել է մարդկանց աշխատավարձների 50 տոկոսը, մինչդեռ կառավարության աշխատակիցների աշխատավարձը նույն չափով պահպանվել է։
100 տոկոսանոց Արցախից մնացել է 20 տոկոսը, բայց կառավարության ծախսերը մնացել են նույնը»,-ասել է նա։

Պատգամավորի հավաստիացմամբ, այս պահին Արցախում, ելնելով անվտանգության խնդիրներից, կա նաև խուճապ։

«Վերջերս հաճախակի է դարձել թշնամու թիրախավորված կրակոցները խաղաղ բնակչության վրա։ Սա ավելի շատ խուճապ առաջացնելու համար է, ինչին նպաստում է նաև Արցախի իշխանությունը՝ իր լռությամբ, ստով»,– նշել է նա՝ շեշտելով, որ եթե այս կերպ շարունակեն իշխանությունները, Արցախը երկար չի դիմանա, կհայաթափվի։

Խոսելով Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության մասին, թե պարտության համար մեղավոր է ընդդիմությանը, որ հոկտեմբերին պատերազմը կանգնեցնելու հարցում չի համաձայնվել իշխանության հետ, Մետաքսե Հակոբյանը նախ քաղաքականապես տգետ է որակել այդ հայտարարությունը, հետո հավելել.

«Ի՞նչ կապ ունի ընդդիմությունը, երբ նման որոշումներն իշխանությունն է կայացնում։ Կամ ընդհանրապես ե՞րբ է այդ իշխանությունն ընդդիմությանը լսել, որ հենց այդ օրը որոշեց լսել։ Այդ օրերին Արայիկ Հարությունյանը փորձում էր մեզ մոլորեցնել ու վերահսկել իրավիճակը։ Եթե իրենք վախենում էին դավաճանի պիտակից, հիմա ինչպե՞ս են ապրում, երբ չկանգնեցնելով պատերազմը, հազարավոր զոհեր և Արցախի 80 տոկոսի կորստի պատճառ դարձան։ Կորցրեցինք Հադրութը, Շուշին։ Ընտրո՞ւմ էին, թե դավաճանի որ աստիճանով պիտի պատերազմն ավարտեին։ Դրանից հետո ամենաքիչը պիտի հրաժարական տային»։

Նյութն ամբողջությամբ՝  news.am-ում