Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել, և ցանկացած իրենց մոտ գտնվող մարդ ռազմագերի է․ Արման Թաթոյան

Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ի՞նչ մեղք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին:

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ  Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականության սպառնալիքները: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է և գնում են խաղաղության և դրանով փորձում են ծածկել խախտումները»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովրդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում:

Անդրադառնալով գերիների հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական: «Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գտնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում:

Նա նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորել, սակայն նրանք այս ամենն անում են: «Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումների տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր վերադարձած գերիներին իրենք տեսել են: «Ես անձամբ տեսել եմ, առանձնազրույցեր արել ենք, ես լիարժեք տիրապետում եմ՝ այնտեղ ինչ է կատարվածում, պահվածքը, իրենց վերաբերմունքը»,-ասաց նա և նշեց, որ չի կարող այդ ամենը հրապարակել:

Պաշտպանը նշեց նաև, որ կարծում է, թե մեր խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ Ադրբեջանը վարում է նույն ցեղասպան քաղաքականությունը, ինչ Օսմանյան կայսրության տարիներին օսմանյան իշխանությունները, որովհետև դրանք բոլոր գծերով համընկնում են՝ կրոնական ատելություն, էթնիկ ատելություն: