Վարչապետը միակ անձն է, որ ասել է՝ ես էլ չեմ ուզում պարտականություն կատարել․ չի կարող նորմի մեկնաբանությունն այս աստիճան խեղված լինել․ Արամ Վարդևանյան

Այսօր «Վարչապետի հրաժարականով պայմանավորված՝ ժամանակավոր պաշտոնակատարության սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ  փաստաբան Արամ Վարդևանյան նշեց, որ մենք Հայաստանում ունենք սահմանադրական նորմերի այնպիսի մեկնաբանություն, որ հրաժարական տալը հրաժարական տալ չէ: Որ հրաժարական տալը ոչ մի հետևանք չունի:

Վարդևանյանը հավելեց. «Բա հրաժարականը ի՞նչ է: Հրաժարականը կամքի արտահայտում է, ինքը դրանով կամք է հայտնում, որ հրաժարվում է պաշտոնից: Նման դեպքում օրինակ Կառավարության մյուս անդամները ի տարբերություն վարչապետի նման կամք չեն արտահայտել: Օրինակ փոխվարչապետները, նախարարները հրաժարական չեն տվել, իրենք պարզապես իրավունքի ուժով ձեռք են բերել պարտականությունների կատարողի կարգավիճակ, բայց վարչապետը միակ անձն է, որ ասել է՝ ես էլ չեմ ուզում պարտականություններ կատարել»:

«Սահմանադրության 158-րդ հոդվածը ուղղակի մեկնաբանվում է, որ կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել։ Վերջ, դրանով դիսկուրսը փակվեց։ Այսինքն՝ եթե հեռակառավարման վահանակի օգտագործման համար ներկայացված սխեմայի նման որևէ բան չկա, որ պետք է նախ մարտկոցը դնել, ապա այս ու այն անել, նոր օգտագործել, ապա ուղղակի այս մի տողով մեկնաբանում են ամեն ինչ ու վերջ։ Տեսեք, ոչ միայն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար հասկացություն չկա, այլև առհասարակ, դրան առնչվող որևէ ձևակերպում էլ չկա։ Վարչապետի պարտականություն կատարողը հենց պարտականություն կատարող է, այլ ոչ՝ ժամանակավոր պաշտոնակատար»,- նկատեց նա։

Քննարկման բանախոսներն են «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արթուր Հովհաննիսյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Արա Ղազարյանը, Գևորգ Դանիելյանը, Հասմիկ Ենգոյանը։