Արցախում ավելի քան 30 հեկտար նոր անտառներ կհիմնվեն

Արցախում նախատեսվում է անտառային ծառատեսակների տնկարանի և 30-35 հեկտար տարածքով նոր անտառների հիմնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, որն օրերս աշխատանքային այցելությամբ Արցախում էր:

Նրա խոսքով՝ հանդիպումների արդյունքում, մասնավորապես Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝  «Հայանտառ»-ի ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել տնկարանի հիմնմանը:

«Այստեղ նաև կունենանք 500 քառակուսի մետր տարածքով ջերմոցային տնտեսություն՝ փակ արմատական համակարգով տնկիներ ունենալու համար: Դրանց կպչունակությունը բարձր է՝ մոտ 80-90 տոկոս»,-նշեց Պետրոսյանը:

Բացի այդ,  «Արցախանտառ»-ի հետ պայմանավորվածություն է արձանագրվել՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում, 100 հազար անտառային ծառատեսակների տնկիների նվիրաբերման վերաբերյալ, որպեսզի Արցախում հավելյալ 30-35 հեկտար նոր անտառտարածքներ հիմնվեն:

«Առաջիկայում արցախցի մասնագետները «Հայանտառ»-ի գրասենյակում կմասնակցեն խորհրդատվական ու վերապատրաստման աշխատանքների՝  տնկարանը հիմնելու  և 100 հազար ծառերի տնկարկին լիարժեք պատրաստվելու համար»,-ասաց Պետրոսյանը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի խոսքով՝ նոր անտառների հիմնումը նախատեսվում է մասնավորապես Մարտակերտի շրջանում:Նրա հաղորդմամբ՝ գործընթացն առայժմ համապատասխան տարածքի ուսումնասիրման ու գույքագրման փուլում է:

Ցուգունյանի տեղեկացմամբ՝ ի սկզբանե նախատեսվող 1 հեկտար տնկարանի փոխարեն կհիմնվի 0.5 հա՝ Արցախում ջրային ցանցի անցկացման խնդրով պայմանավորված:

Միաժամանակ՝ «Հայանտառ» -ը մեթոդական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերի  «Արցախանտառ»-ի գործընկերներին՝ անտառների կառավարման, վերականգնման ու պահպանման գործընթացների  արդյունավետությունը առավել բարձրացնելու նպատակով:

Անդրադառնալով ՝ Սարսանգի ջրամբարում Իշխան տեսակի մանրաձուկ բաց թողնելու նախաձեռնությանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը մանրամասնեց, որ ծրագրի նպատակը՝ նախևառաջ Արցախի վերականգնման գործընթացների տրամաբանության, ինչպես նաև Սևանի ձկնապաշարների վերականգնման և իշխանի պոպուլյացիայի զարգացման շրջանակներում է:

Ծրագրի համաձայն՝ Սարսանգի ջրամբարում շուրջ 40 հազար ծիածանափայլ իշխանի մանրաձուկ է բաց թողնվել:

Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ Սարսանգում առաջին անգամ է իշխանաձկան պոպուլյացիա բաց թողնվում: Շրջակա միջավայրի պահպանության պատասխանատու գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ իշխանի մանրաձկները Սարսանգի միկրոպլանկտոնային և ջրի ջերմաստիճանի նպաստավոր շրջանում են բաց թողնվել: Նա համոզմունք հայտնեց, որ 1-1,5 տարի հետո, Սարսանգում իշխանաձկան բավականին մեծ պոպուլյացիա է լինելու: