Ռուսաստանը պատրաստ է ռազմական բախումների ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ․ չինական լրատվամիջոց

Չինաստանը ուշադիր և մանրակրկիտ հետևում է մեր մոլորակի իրադարձությունների զարգացմանը, և դա վերաբերում է նաև Անդրկովկասին, այդ թվում՝ Հայաստանին: Երևանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի և մեր երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ապացույցն է այն բանի, որ Պեկինը ուշադիր է մեր տարածաշրջանի նկատմամբ, հատկապես Իրանի հետ 25-ամյա ռազմավարական դաշնագիրը ստորագրելուց հետո:

Բայց շատ ավելի հետաքրքիր են այն եզրակացությունները, որոնք Չինաստանն արեց՝ դիտարկելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունների զարգացումը: Եվ նման հակասություններից մեկը հենց Արցախում և նրա շուրջ: Մենք կցանկանայինք ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն գաղափարներին, որոնք ապրիլի 27-ին արտահայտել է Չինաստանի Ցինհուա համալսարանի ռուսագիտության ինստիտուտի պրոռեկտոր Ու Դահուէյ՝ չինական «Huangqiu Shibao» թերթի կողմից հրապարակված հոդվածում: Հեղինակը մատնանշում է «հակառուսական հիստերիան»՝ ասելով, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) կողմից Ռուսաստանի նկատմամբ քաղաքական ճնշումն ու տնտեսական պատժամիջոցները շարունակում են աճել: «Ի թիվս այլ գործողությունների, Արևմտյան աշխարհի և Ռուսաստանի միջև դիվանագետների շարունակական փոխադարձ արտաքսումը, որը հրահրում է Միացյալ Նահանգները, աշխարհին զգացրեց սառը պատերազմի ընթացքում Արևելքի և Արևմուտքի միջև դիվանագետների լայնամասշտաբ արտաքսման մթնոլորտը»,- գրում է Դահուէյը: Գնահատելով ռուս-ամերիկյան հարաբերությունները Ջո Բայդենի օրոք, նա ընդգծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրանք արդեն «այնքան փչացած են, որ դժվար է ավելի փչացնել»: Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի ղեկավարն արդեն հոգեբանորեն պատրաստվել է դրանց համատարած վատթարացմանը:

«ԱՄՆ ղեկավարությունը սատարում է ժողովրդավարական պետությունների ուժեղ դաշինքին՝ գաղափարական հակառակորդների դեմ գլոբալ մասշտաբով պայքարելու համար: «Դեմոկրատական ​​արժեքների» ընդհանուր դրոշի ներքո Ռուսաստանին խեղդելու համար դաշնակիցների միավորումը համընկնում է եվրոպական երկրների հավաքական կարծիքի հետ: Ռուսաֆոբիան դարձել է ոչ միայն ԱՄՆ-ի «քաղաքական կոռեկտությունը», այլև դառնում է ԵՄ երկրներինը։ Բայդենի նկրտումների իրականացումը և հակառուսական համաձայնագրերի ամրապնդումը դարձել են «անկեղծության ցուցադրություն» ԵՄ երկրների համար`ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու իրենց մտադրության մեջ»,- ասել է չինացի փորձագետ Ու Դահուեյը: Նրա կարծիքով, այս տեսանկյունից զարմանալի չէ, որ ԱՄՆ եվրոպական դաշնակիցները, հետևելով Վաշինգտոնին, սկսեցին զանգվածաբար վտարել ռուս դիվանագետներին: Եվ նա եզրակացրել է. «Ռուսաստանն արդեն պատրաստ է ԱՄՆի և Եվրոպայի հետ ռազմական բախումների և հարաբերությունների ամբողջական խզման: Արևելյան Ուկրաինայի և Ղրիմի խնդիրների վերաբերյալ Ռուսաստանն արդեն պատրաստվել է կատաղի ռազմական մրցակցության Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի դեմ, մինչև իսկ՝ ուղղակի ռազմական բախման: Այս տարվա մարտից Ռուսաստանը մեծացրեց իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանին և միաժամանակ զորավարժություններ անցկացրեց Սև ծովում՝ ՆԱՏՕ-ի Սևծովյան տարածաշրջան շարունակական ռազմական ներթափանցմանը դիմակայելու համար: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ «Ռուսաստանի զինված ուժերն արդեն պատրաստ են լայնամասշտաբ պատերազմ վարել»: Միևնույն ժամանակ, հոդվածում շեշտվում է, որ ի պատասխան ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների քաղաքական ճնշման և տնտեսական պատժամիջոցների՝ Ռուսաստանը «սկսեց կոշտ հակահարված և հակագրոհ, որը տարբերվում էր նախորդներից, և այս հակագրոհի ուժը նույնիսկ գերազանցեց գործադրվող ճնշումը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից՝ նրա վրա»:

Հրապարակման հեղինակը զարմացած է ոչ միայն Արևմուտքի հակառուսական հիստերիայից. մի կողմից՝ Վաշինգտոնը և Բրյուսելը նվազեցնում են ուկրաինական խնդրի շուրջ Ռուսաստանի հետ ռազմական բախման հավանականությունը, իսկ մյուս կողմից՝ նրանք անընդհատ ուժեղացնում են դրա հետ իրենց քաղաքական դիմակայությունը: «Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունները լրիվ խավարման շրջան են մտել: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում երկու երկրների համար դժվար կլինի երկարաժամկետ և կանխատեսելի ռազմավարական համաձայնագրեր կնքել»,- մեկ այլ եզրակացություն է անում չինացի փորձագետը: Ու Դահուեյը կանխատեսում է, որ «եթե նույնիսկ Պուտինն ու Բայդենը կարողանան գագաթնաժողով անցկացնել մոտ ապագայում», միևնույն է, «կարճ ժամանակահատվածում դժվար կլինի բարելավել կանխատեսելիությունը երկու երկրների միջև»: «Եվ Ռուսաստանը, և ԱՄՆ-ը կարող են միայն կուրորեն առաջ շարժվել, պատասխան հարված հասցնել և փորձել հաղթահարել հարաբերությունների անկանխատեսելի զարգացումը»,- եզրափակել է Ցինհուա համալսարանի ռուսագիտության ինստիտուտի պրոռեկտորը:

Կարծում ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հասկանում են, որ այս փորձագետի հիմնական եզրակացությունը սպառնում է ոչ այնքան Ռուսաստանին, որքան Արևմուտքին և նրա խամաճիկներին, այդ թվում՝ նաև մեր երկրում, քանի որ, ցավոք, հենց Արևմուտքի խամաճիկներն իրենց անվանում են «Հայաստանի ղեկավարություն»…

Սերգեյ Շաքարյանց