Ալիև-Էրդողան-Փաշինյան եռյակի ծրագրած նոր պատերազմը հնարավոր է կանխել միայն իշխանափոխությամբ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն է։

Միջազգային անվտանգության մասնագետ Վլադիմիր Պողոսյանն ասել է, թե իր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ Սյունիքի ուղղությամբ: Նա նաև շեշտել է, որ սպասվող պատերազմը Ալիև-Էրդողան- Փաշինյան եռյակի կողմից պայմանավորված պատերազմ է լինելու։

Փաստորեն, սցենարը նույնն է՝ այն, ինչ կատարվեց 44 օր տևած Արցախյան պատերազմի ժամանակ։ Այսպես՝ կիրականացվի պարտության ելքով ծրագրված պատերազմ, հայկական կողմը կտա բազմաթիվ զոհեր, և կհանձնվի Սյունիքը։ Ու դրանից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ ցինիկաբար կհայտարարի, թե մինչև վերջ պայքարեցինք հանուն հայրենիքի, բայց, դե, թշնամին ուժեղ էր՝ պարտվեցինք ու կորցրինք Սյունիքը։

Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի իշխանությունների կողմից ծրագրվող նոր պատերազմը կանխելու մեկ ելք կա՝ իշխանափոխությունը։

Իսկ Սյունիքը, իրոք, վտանգված է: Սյունիքից կարևոր դիրքեր են տրվել ու տրվում Ադրբեջանին։ Թշնամու ռազմական ուժերը գտնվում են Սյունիքի մարզի բնակավայրերից 50 մետր հեռավորության վրա, այնքան մոտ են, որ անգամ քարերով կարողանում են խփել ու վնասել հայկական մեքենաները։

Ու չնայած այս իրավիճակին, իշխանությունը անվտանգության հարցերով զբաղվելու փոխարեն, հրահանգել է կամավորականներից, սահմանամերձ գյուղերի բնակիչներից հավաքել զենքերը․ այս կերպ էլ զրկելով հայ մարդուն անգամ ինքնապաշտպանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում