Վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն

Արարատի մարզում վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկացրել է Բնապահպանության և ընթերքի տեսչական մարմինը:

«Ֆեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ս.թ. ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի համար։

Կենտրոնի մասնագետների հավաստմամբ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։

Նախապատրաստվող նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։