Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության իմաստը զոհերի հիշատակը հարգելն է, ոչ թե մեղադրանք առաջադրելը. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին:

Այս մասին օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Նախագահի հայտարարության առնչությամբ պետք է նշեմ, որ այն չպետք է անակնկալ լիներ: Նման կերպ նախագահն արտահայտել է իր այն տեսակետը, որն ունեցել է տարիներ շարունակ՝ որպես սենատոր, նախագահի թեկնածու և արդեն որպես նախագահ: Նա այդ մասին հստակ և պարզ արտահայտվել էր նախագահական քարոզարշավի ընթացքում»,- շեշտել է Բլինկենը՝ պատասխանելով թուրքական «Հուրիյեթ» պարբերականի թղթակցի՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման վերաբերյալ հարցին:

«Նախագահն առաջին իսկ օրվանից ճշմարիտ է եղել՝ ցույց տալով իր վճռականությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Այս քաղաքականության մի մասը ենթադրում է համոզվել նրանում, որ կա պատմության ըմբռնում և գիտակցում անցյալի ոճրագործությունների վերաբերյալ՝ դրանց կրկնությունը կանխելու համար: Ինչպես ընդգծել է նախագահը, հայտարարության իմաստը զոհերի հիշատակը հարգելն է, այլ ոչ թե մեղադրանք առաջադրելը»,- նկատել է պաշտոնյան:

Միևնույն ժամանակ, Բլինկենը կարևոր է համարել շեշտել, որ ապրիլի 23-ին Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև լավ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

«Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք: Թուրքիան Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք հանդես ենք գալիս որպես գործընկերներ տարածաշրջանային և համաշխարհային շատ ընդհանուր շահերի հարցում»,- ասել է գերատեսչության ղեկավարն ու մանրամասնել՝ ԱՄՆ-ն կշարունակի հետամուտ լինել Թուրքիայի հետ ուժեղ երկկողմ հարաբերությունների պահպանմանը, որն ընդգրկում է համագործակցության ընդլայնված ոլորտները, ինչպես նաև արդյունավետ կառավարման այն ոլորտները, որոնցում երկրները համակարծիք են:

«Եվ ինչպես շատ երկրների դեպքում, մեր միջև ևս հակասություններ կան»,- բացատրել է Բլինկենը: