ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած օրինագծին

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացվում է նոր մասով:

«Գործադիրն առաջարկում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ կլինկերի համար: Ակնկալվում է, որ շուրջ 1.5 մլրդ դրամ գումար կմուտքագրվի պետբյուջե»,- նշել է Քերոբյանը, ընդունելի չհամարելով հանձնաժողովականների փաստարկներն այն մասին, որ սահմանվող  տուրքի դրույքաչափերը հակառակ ազդեցություն կունենան:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկել է 14 հազար դրամ պետտուրք սահմանել ցեմենտի և 0 տոկոս կլինկերի համար:

Մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը, ինչին Վահան Քերոբյանը համաձայնություն չի տվել: Քննարկման արդյունքում նախագիծը չի ստացել դրական եզրակացություն: