Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հեռավար ձևաչափով ապրիլի 28-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկել են հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլերը։

«Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2022-2025թթ. ռազմավարության մշակման հետ կապված հարցերը»,- ասվում է հաղորդագրության մե(։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարները։

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ  միմյանց դիրքորոշումներին։

Զրուցակիցների ուշադրությունը հրավիրվել է հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին։ Այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը հիմնախնդրի, այդ թվում՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին։