Ստամբուլում նախապատրաստվում են հնարավոր հզոր երկրաշարժի․ քաղաքի տարհանման պլան է մշակվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության նախապատրաստած պլանի համաձայն՝ հատուկ տարհանող ծովային նավեր կտեղակայվեն Ստամբուլում, Մարմարի ծովում ակնկալվող հնարավոր խոշոր տարերային աղետի դեպքում տուժածներին տարհանելու համար, գրում է EurAsia Daily-ն։

16 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայի ամենախոշոր քաղաքի համար ծրագիրը կազմվել է ՆԳՆ-ի, Ստամբուլի նահանգապետի աշխատակազմի, Թուրքիայի կառավարությանը կից գործող արտակարգ իրավիճակների հետևանքները չեզոքացնող վարչության համագործակցությամբ։

Ծրագրով առաջարկվում է չորս տարհանման ուղի՝ ներառյալ ծովային, օդային, ցամաքային և երկաթուղային, 7,5 բալ և ավելի երկրաշարժի դեպքում:

«Ստամբուլում կա 23 տարհանման կենտրոն: Նախ, մենք մարդկանց կհավաքենք այս կենտրոններում։ Որպես երկրորդ քայլ՝ մենք Ստամբուլից մարդկանց կտեղափոխենք «աջակցող քաղաքներ»՝ օգտագործելով տրանսպորտային բոլոր միջոցները»,– թուրքական TRT պետական հեռուստաընկերության եթերում հայտնել է Թուրքիայի ժանդարմերիայի գնդապետ Մեթին Գյունալը։