«Ադեկվադ» միաբանությունը եղջերուի որսի երկրորդ սեզոնը հայտարարում է բացված

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի քրեական գործով դատական նիստը հետաձգվել է:

Ա. Դանիելյանի  պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողներին ասաց, որ իրեն դատավորի աշխատակազմից զանգել և ասել են՝ դատախազը դիմում է ներկայացրել, որ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով չի կարող ներկայանալ:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործով դա չի կարող լինել պատահականություն: Ամեն դեպքում մենք եկել ենք, «տուժող կողմը» ևս չկա: Ենթադրում եմ, որ պարզապես  հետաձգում են նիստը»,- նշեց նա:

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ «այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտանհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկտմամբ , կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով»։

Տ. Աթանեսյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Ակնհայտ է, որ խուլիգանության մասին  խոսք չի կարող լինել, զավեշտալի է այս դեպքում: Այդ անձանց միջև կա կոնֆլիկտ, դրա մասին խոստովանում է փոխխոսնակը: Այսինքն այլևս էլ չի կարող լինել խուլիգանություն, հանցանք ուղղված հասարակության դեմ: Չգիտեմ՝ ինչու են գնացել այս մեղադրանքի»:

Գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին: Պաշտպանն ասաց, որ երբ կայանա առաջին նիստը, դատավորին հայտնելու են ինքնաբացարկ, ինքնաբացարկի միջոնդրություն են ներկայացնելու, քանի որ նրա գործողություններից ակնհայտ է, որ կամ վերահսկվում է այս իշխանության կողմից, կամ միգուցե սատարում է, միգուցե անձնական անհասկանալի դրական վերաբերմունք ունի այս իշխանություններին:

«Դա արտահայտվում է  իր կայացրած մի շարք դատական ակտերով: Այս գործով նա անկախ և անաչառ դատավոր չէ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

«Ադեկվադ» ֆեյսբուքյան էջում գրված է. «Այսօր, ժամը 16:00-ին, Երևան ք.-ի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի  3-րդ դահլիճում կայանալու է թիվ ԵԴ/0874/01/20 #ԲարևԱլենՍիմոնյան ընդդեմ Արթուր Դանիելյանի քրեական գործով առաջին դատական նիստը: Տեղեկացնենք նաև, որ Արթուր Դանիելյանը 24 ժամով կրկին բլոկվել է «Ֆեյսբուքի» կողմից առանց հստակ հիմնավորման։

Այսպիսով, «Ադեկվադ» միաբանությունը եղջերուի որսի երկրորդ սեզոնը հայտարարում է բացված։ Կարող եք միանալ մեզ դատարանի դահլիճում»։