Ստյոպա Սաֆարյանը հոգեխանգարմունքի մեջ է․ երկրորդ անգամ դատարանը չվախեցավ նրա շանտաժից

Օրերս Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննելով LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի՝ ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի դատական գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 21․12․2020 թ․ կայացրած որոշման դեմ Սաֆարյանի վերաքննիչ բողոքը՝ որոշում կայացրեց, որով փաստացի անփոփոխ թողեց առանջին ատյանի դատարանի վճիռը՝ այն բեկանելով միայն մասնակիորեն։ Այլ ձևակերպմամբ՝ Սաֆարյանի բողոքը մասնակիորեն բավարարվեց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, քննության առնելով Թագուհի Ասլանյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, վիրավորանք հասցնելու համար փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը, որոշել է բավարարել այն։ Թագուհի Ասլանյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանը ընդհանուր իրավասության դատարան հայցը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել Ստյոպա Սաֆարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից՝  նրան անձնական վիրավորանք հասցնելու համար, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել բարոյական վնասի դիմաց՝ 1 մլն դրամի չափով։ Խնդիրն առաջացել էր դեռ մեկ տարի առաջ, երբ 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» գրասենյակը նախաձեռնել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում, որին պրն Սաֆարյանի քմահաճույքով արգելված էր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը, այդ թվում LIVEnews.am լրատվական կայքի, որտեղ էլ որպես լրագրող է աշխատում Թագուհի Ասլանյանը։ Լրագրող Թագուհի Ասլանյանը անձնական արժանապատվությանը հասցրած վիրավորանքի համար դիմել էր դատարան՝ հաստատակամությամբ, որ նման սանձարձակությունը չկանխելու, անպատժելիության դեպքում կխրախուսվեն մեզանում ազատ խոսքի իրավունքի ոտնահարման դեպքերը, վիրավորանքներն ու ատելության խոսքի տարածումը, ինչը ժողովրդավար Հայաստանի համար անթույլատրելի է։

Չհամակերպվելով առաջին ատյանի դատարանի վճռի հետ, Ստյոպա Սաֆարյանը գործի էր դրել իր սովորական մեթոդը՝ անմեղ մարդկանց զրպարտելու միջոցով շանտաժի ենթարկել դատական համակարգը՝ իրեն զոհի կարգավիճակում ներկայացնելով և ի լուր աշխարհի բղավելով, թե իբր իր «մարդկային» իրավունքները կոպտորեն խախտվել են, թե դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ և նախկին նախագահները դեռ կարողանում են ճնշում գործադրելով՝ դատավորներին պարտադրել այս կամ այն որոշումը կայացնել։ Զավեշտն այն է, որ Թագուհի Ասլանյանի գործի հետ կապված Ստյոպա Սաֆարյանը զոռ տալով իր տխեղծ երևակայությանը՝ ինքն իրեն համոզել էր, թե նրա մեջքի հետևում անձամբ ՀՀ երկրորդ նախագահն է կանգնած։ Թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը շահագրգռված լիներ դատարանում միջնորդելու սովորական լրագրողի գործի առնչությամբ, Սաֆարյանի երևակայությունը այդքան չի բավարարել լուրջ պատճառաբանություններ գտնելու, և նա հիշատակել է դատավոր Զ․ Նախշքարյանի ընտանեկան կապերը։ Բանը հասավ նրան, որ Զարուհի Նախշքարյանի կայացրած վճռից բորբոքված՝ ՀԽ չկայացած նախագահը սպառնացել էր անձամբ Հայաստանի դատական համակարգում վեթինգ իրականացնել՝ մատ թափ տալով նաև վարչապետի աթոռը զավթածի վրա, թե նա չկատարեց իր խոստումը այդ մասով։ Ինչպես նկատում է Թագուհի Ասլանյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը՝ ակնհայտ է, որ պատասխանողը չունենալով իր կողմից վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ՝ փորձում է դատարանին անհիմն ներքաշել որոշակի քաղաքական պրոցեսների մեջ և դրանով պայմանավորել իր համար ոչ բարենպաստ, սակայն օրինական և պատճառաբանված դատական ակտը։ Իր վերաքննիչ բողոքում Սաֆարյանը նշել է, թե վերը նշած հանգամանքներով պայմանավորված՝ դատավորը չէր կարող անաչառ գտնվել իր դեմ գործի նկատմամբ։ Բայց այդ դեպքում նա դեռ դատավարության սկզբում կարող էր համապատասխան միջնորդությամբ բացարկ հայտարարել դատավորին, ինչի դատավարական իրավունքն ուներ։ Բայց ոչ, նա այդ հնարավորությունից չի օգտվել, որպեսզի հետագայում ոչ իր օգտին վճռի դեպքում վայնասուն բարձրացնելու հնարավորություն ունենա։ «Ուստի վերաքննիչ բողոքում ներկայացվածը ոչ այլ ինչ է, քան նյութական և դատավարական  որևէ նորմի հետ  կապ չունեցող, բամբասանքի մակարդակի շեմը չհատող, ապացույցներից զուրկ փաստարկ»,- նշեց Լուսինե Վիրաբյանը։

Եվ ահա ոգեշնչված իր հուժկու ներուժով՝ Սաֆարյանը առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանում, դե մինչև իր խոստացած վեթինգի իրականացումը։ Վերաքննիչ դատարանը, ինչպես նշեցինք, Ստյոպա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի ՝ Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի 21․ 12․ 2020 թ․ քաղաքացիական գործով կայացրած վճիռը․ «Պարտավորեցնել պատասխանող Ստյոպա Սաֆարյանին առնվազն 5 հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել հետևյալ հայտարարությունը, «Ես՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանս, վիրավորական արտահայտություններ եմ հասցեագրել Լայվ նյուզ մեդիա ՍՊԸ լրագրող Թագուհի Ասլանյանին, որի համար ներողություն եմ խնդրում» մասով բեկանելով և փոխելով հետևյալ կերպ՝ «Պարտավորեցնել Ստյոպա Սաֆարյանին առնվազն 5 հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել հետևյալ հայտարարությունը․ Ես՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանս, «լկտի» արտահայտության համար ներողություն եմ խրում Թագուհի Ասլանյանից»։ Մնացած մասով դատական ակտը թողնել անփոփոխ՝ պարտավորեցնելով Սաֆարյանին՝ դրամական փոխհատուցում վճարել 600 000 դրամի չափով։

Հետաքրքիր է, որ Վերաքննիչ դատարանը վիրավորական չի դիտարկել Սաֆարյանի այն արտահայտությունը, թե՝ «դուք ինձ ձեր տուն, սաունաներ մի հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է որևէ տեղ հրավիրել», կարծիք հայտնելով, թե Սաֆարյանը դրանով մասնավոր տարածքներ է թվարկել ընդամենը՝ ի պատասխան լրագրողի՝ «հրավիրում եմ ձեզ մեր մասնավոր տարածք» արտահայտությանը։ Բայց ակնհայտ է, որ Թագուհի Ասլանյանը Սաֆարյանին մասնավոր տարածք է հրավիրել՝ որպես լրագրող՝  նկատի ունենալով իրենց խմբագրությունը։ Թե ինչից է ենթադրել Սաֆարյանը, որ Թագուհի Ասլանյանը դրանով իրենց տուն կամ սաունա է հրավիրել, որևէ հիմնավորում չունի, և այս առումով առաջին ատյանի դատարանը ճիշտ դիտարկումներ էր արել։ Ի վերջո, ինչպես դատական նիստի ժամանակ պատասխանող պաշտպանին հարց ուղղեց Լուսինե Վիրաբյանը, ինչի՞ց է Սաֆարյանը ենթադրել, թե Թագուհի Ասլանյանն իրեն մասնավոր տարածք ասելով՝ սաունա է հրավիրել, մտածել է Թագուհին մարզի՞չ է։ Ի դեպ, նկատենք, որ պատասխանողը դատական նիստերի ժամանակ կաշվից դուրս գալով՝ փորձում էր ապացուցել, որ անծանոթ տղամարդու հետ սաունա գնալն ամենևին վիրավորական չէ, քանի որ սաունաներ կան առողջարանային կենտրոններում, մարզասրահներում։ Եվ Սաֆարյանի կին պաշտպանը աչքերը կլորացնելով՝ զարմացած հարցնում էր, թե ինչի՞ց է վիրավորվել Թագուհի Ասլանյանը։ Երևի անծանոթ տղամարդկանց հետ առողջարանային կենտրոնների սաունաներ հաճախելու բավարար փորձ ունի, եթե իր համար դա սովորական երևույթ է։ Վերաքննիչ դատարանի հիմնավորումն ամեն դեպքում համոզիչ չէ այս մասով։

Թեև Սաֆարյանի ու իր կին պաշտպանի համար անգամ լկտի բառը վիրավորական չէ և իրենց ձևակերպմամբ նշանակում է՝ անհամեստ, ուստի ՀԽ նախագահի համար ընկալելի չէ, թե ինչու է լրագրողն իր այդ արտահայտությունից այդքան վատ զգացել։ Փաստորեն ըստ պատասխանողի՝ իր կողմից արտահայտած և հայցի համար հիմք հանդիսացած արտահայտությունները վիրավորական չեն, ավելին, նա դա համարում է իր հաղորդակցման ամենօրյա, սովորական ոճը։

Վերաքննիչ բողոքում հայցվորը նշել է, որ այդ բառերն ու արտահայտությունները իր բառամթերքի անբաժանելի մասն են, իր արտահայտչաձևն  է այդպիսին, ինչը, ըստ Լուսինե Վիրաբյանի, մտածելու տեղիք է տալիս՝ արդյո՞ք նման բառամթերք ունեցող մեկը կարող է զբաղեցնել որևէ հանրային պաշտոն։ Ի դեպ, նկատենք, որ իր «հանճարեղ» գրառումներից մեկի տակ արված մեկնաբանության մեջ Սաֆարյանը օգտատերերից մեկին համոզում էր, թե ինքը նահապետական ընտանիքից է դուրս եկել և հարգում է այդ արժեքները։ Փաստորեն նրա պատկերացմամբ՝ նահապետական ընտանիքը այն է, որում մշտապես հայհոյանքներ են հնչում, վիրավորանքներ, և դա սովորական երևույթ է եղել իրենց «նահապետական» ընտանիքում։

«Դատարանը ևս մեկ անգամ արդեն երկրորդ ատյանով հաստատեց, որ նշված արտահայտությունը վիրավորական է, որը մեր կողմից ապացուցվել է և հակառակը Սաֆարյանի կողմից չի ապացուցվել։ Մյուս կողմից պատասխանողն ընդունում է, որ դա իր լեքսիկոնն է, իսկ դատարանը համարում է, որ նման արտահայտությունները վիրավորական են։ Ամեն անձ ինքն է սահմանում իր արժեհամակարգը և պատկերացումները վիրավորանքի և արժանապատվության վերաբերյալ։ Եթե պատասխանողի նկատմամբ նույնանման բառամթերք օգտագործելու պարագայում վերջինս չի վիրավորվում, դա դեռ չի նշանակում, որ սեփական անձի և արժանապատվության նկատմամբ նույն կարծիքը պետք է ունենա նաև հայցվորը»,- մեզ հետ զրույցում ասաց Թագուհի Ասլանյանի պաշտպանը։ Նրա ներկայացմամբ՝ պատասխանողն այնքան է կտրվել իրականությունից, որ անգամ չի գիտակցում իր կողմից միջնորդավորված տեսագրության դիտումը երկրորդ ատյանի դատարանում ևս մեկ անգամ աշխատեց ի վնաս իրեն, քանի որ յուրաքանչյուր ադեկվատ անձ այն դիտելով՝ կհամոզվի, որ վիրավորական արտահայտություններն արվել են անհարկի, լրագրողը տվյալ պահին կատարում էր իր մասնագիտական գործունեությունը և որևէ լկտի արարք իր կողմից չի կատարվել։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է՝ պատասխանողի արտահայտությունը չի հենվել փաստերի վրա և կրում է վիրավորական բնույթ, հիմնավոր է, իսկ հակառակի մասին վերաքննիչ բողոքի փաստարկը՝ անհիմն:

Աննա Հակոբյան