Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել և չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար. Դավիթ Հարությունյան. lragir.am

Վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Նա չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, քանի որ հրաժարական է տվել։ Կառավարության անդամները հրաժարական չեն տվել, նրանք իրավունքի ուժով են համարվում հրաժարական տված։ Իսկ նա հրաժարական է տվել։ Դա ակնհայտ իրավունքի տրամաբանություն է՝ եթե նա հրաժարական է տվել, իսկ նա տվել է, կատարել է կամային գործողություն։ Կառավարության անդամները դե ֆակտո հրաժարական չեն տվել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հետևաբար, կառավարության անդամները կարող են պաշտոնակատարի դեր ստանձնել, իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող վարչապետի պաշտոնակատար լինել։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները պետք է կատարեր փոխվարչապետը։ «Այսպիսով՝ խախտվում է Սահմանադրությունը և կատարվում են քրեական հանցագործություններ»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների այն պնդումներին, որ եթե վեճ կա այս հարցում, քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Եթե դիմողներ չկան, դա ամենևին չի նշանակում, որ տվյալ պարագայում չի խախտվել Սահմանադրությունը»։

Անդրադառնալով 2018 թվականի իրադարձությունների հետ տարվող համեմատությանը, նա ասաց. «Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, ասել է՝ ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Ֆորմալ առումով դա հրաժարական չէր։ Դա էր պատճառը, որ կառավարությունը փաստեց՝ անհնարինություն կա վարչապետի լիազորությունների կատարման։ Եվ այդ դեպքում վարչապետին փոխարինեց առաջին փոխվարչապետը։ Եթե լիներ հրաժարական, միանշանակ անմիջապես առանց անհնարինությունը փաստելու Կարեն Կարապետյանը կսկսեր կատարել վարչապետի լիազորությունները։ Սա տարրական իրավական տրամաբանություն է»։