Վա՜յ այն երկրներին, որոնց ղեկավարներն աննորմալ են, զուրկ ողջախոհությունից

1989 թվական. հանգամանքների բերումով Չեխոսլովակիա գնացին գործընկերներս, մի քանի ամիս անց իմ այլ գործընկերների հետ գնացի Բուլղարիա: Այն ժամանակ Չեխոսլովակիան լինելով Վարշավյան պայմանագրի ու սոցճամբարի անդամ, ընկալվում էր որպես բարեկամ երկիր, միաժամանակ իր մի քանի որակյալ և հանրահայտ արտադրանքներով վայելում էր հարգանք:

Այսօր երբեմնի Չեխոսլովակիայից մնացած ու թունդ հակառուսական դիրքերում գտնվող Չեխիան Ռուսաստանի և բոլոր նրանց համար, որոնք Ռուսաստանը համարում են իրենց երկրի բարեկամ ու դաշնակից, ընկալվում է ոչ թե բարեկամ, այլ հակառակը` թշնամական պետություն: Թեև իր հայտնի արտադրանքների որակը պահպանել է, բայց նախկին հարգանքից բան չմնաց նաև այն պատճառով, որ Չեխիան վերջերս իրեն դրսևորեց չափազանց անլուրջ, նույնիսկ այն աննորմալի նման, որը գործում է սեփական շահերի դեմ: Երբ պետությունն ընկնում է աննորմալների ձեռքը, դա նման է նրան, որ կապիկի ձեռքը նռնակ է ընկնում:

Ապրիլի 17-ին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կասկածում են Ռուսաստանի հատուկ ծառայություններին՝ 2014-ին Վրբետիցեում զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունի մեջ: Նույն օրը Չեխիան հայտարարել էր 18 ռուս դիվանագետներին վտարելու որոշման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, «Ռուսաստանի հատուկ ծառայությունների` Արտաքին հետախուզական ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են»:

Չեխիան ռուս դիվանագետներին արտաքսել է` կապված 2014-ին Վրբետիցե գյուղի մոտ գտնվող զինապահեստների համալիրում պայթյունների իբր բացահայտված հանգամանքների հետ: 2014-ի հոկտեմբերի 16-ին 50 տոննա զինամթերք էր պայթել Վրբետիցեի զինապահեստների համալիրի շենքերից մեկում: Զինամթերքի բեկորները ցրված են եղել պահեստի շենքի գտնվելու վայրից 800 մ շառավղով: Զոհվել էին տեղի «Իմեքս գրուպ» մասնավոր ընկերության 2 աշխատակից, որոնք պահեստ էին վարձել պետական ​​«Ռազմատեխնիկական ինստիտուտ» ձեռնարկությունից: Բոլոր գյուղացիները շտապ տարհանվել էին:

Ի դեպ, վերոնշյալ համալիրում ևս մեկ պայթյուն էլ 2014թ. դեկտեմբերի 3-ին է տեղի ունեցել, նշված այթյունների արդյունքում ոչնչացվել են թիվ 16 և թիվ 12 պահեստները, որոնք վարձակալել էր «Իմեքս գրուպ» ընկերությունը: Նրանք, ընդհանուր առմամբ, պահել են մոտ 150 տոննա զինամթերք:

Ըստ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկի, վերոնշյալ պայթյունի իրականացման մեջ ներգրավված են «ГРУ-ի` ռուսական ռազմական հետախուզության սպաներ», սակայն դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել:

Իր հերթին, Ռուսաստանը մեկ օր անց` ապրիլի 18-ին, պերսոնա նոն գրատա հայտարարեց ՌԴ-ում Չեխիայի դեսպանատան աշխատակիցներից 20-ին` նրանց ՌԴ-ից հեռանալու ժամանակ տալով մինչ ապրիլի 19-ի օրվա ավարտը: Բացի այդ, Պրահայում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության անձնակազմի դեմ Չեխիայի իշխանությունների վերոնշյալ գործողության կապակցությամբ Ռուսաստանում Չեխիայի դեսպանին վճռական բողոք է հայտնվել: Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում իր խիստ բողոքն էր հայտնել Պրահային ՝ կապված «մերկապարանոց  ու մտացածին պատրվակներով» ձեռնարկված քայլի հետ:

Ավելին. ՌԴ արտգործնախարարությունը Չեխիայի նշված քայլը գնահատել է որպես այդ պետության կողմից վերջին տարիներին ձեռնարկված հակառուսական գործողությունների շարքի շարունակություն:

«Չի կարելի չտեսնել նաև ամերիկյան հետքը,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:- Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցների ֆոնին ԱՄՆ-ին հաճոյանալու համար, Չեխիայի իշխանություններն այս առումով նույնիսկ գերազանցել են իրենց արտասահմանյան տերերին:

Մենք մեր խիստ բողոքն ենք հայտնում Չեխիայի իշխանություններին: Մենք կձեռնարկենք պատասխան միջոցներ, որոնք կստիպեն այս սադրանքի հեղինակներին գիտակցել իրենց լիակատար պատասխանատվությունը մեր երկրների միջեւ հարաբերությունների բնականոն զարգացման հիմքերը քանդելու համար»:

Իր հերթին, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը նշել է, որ Չեխիայից դիվանագետներին վտարելու հիմքեր չկան: Ըստ նրա, ԵՄ երկրներից ռուսաստանյան դիվանագետների արտաքսումը հիշեցնում է «Վաշինգտոնին հավատարմության մրցավազք»:

Ռուս դիվանագետների հետ կապված իրավիճակին նախորդել են Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնց ներդրման մասին հրամանագիրն ապրիլի 15-ին ստորագրել է նախագահ Ջո Բայդենը:

Ապրիլի 18-ին բանը նույնիսկ հասել է Չեխիայում ՌԴ դեսպանատան մոտ տուրուդմփոցի: Հակառուսական տրամադրություններով ու կողմնորոշմամբ ցուցարարները, որոնք դեսպանատան մոտ կազմակերպված ցույցին եկած են եղել ռուսատյացություն արտահայտող պաստառներով և կարգախոսներով, գոռալով կռիվ են կազմակերպել այնտեղ ի աջակցություն ՌԴ դեսպանատան հավաքված ու Ռուսաստանին սատարող ցուցարարների հետ:

Ռուսաստանում Չեխիայի մեղադրանքները կտրականապես հերքվել են, և այն փաստը, որ Պրահան չի հրապարակում պայթյունի մասին զեկույցը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անվանել է ստի ապացույց: Զախարովան ասել է նաև, որ Պրահան «լավ գիտի, թե ինչն է հետևելու նման հնարքներին»:

Չեխիայի արտգործնախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ, դիվանագետների արտաքսման արդյունքում Չեխիայում ՌԴ-ի դեսպանատանն ապրիլի 20-ի դրությամբ մնացել է 27 դիվանագետից և 67 տեխնիկական աշխատողից բաղկացած անձնակազմ, սակայն մինչև մայիսի 31-ը կմնան 7 դիվանագետ, 25 հոգիանոց տեխնիկական անձնակազմ և տեղում ընդունված 19 մարդ, որոնք Չեխիայի քաղաքացի են:

Թեև ապրիլի 18-ին Չեխիայի առաջին փոխվարչապետ, ՆԳՆ նախարար և արտգործնախարարի պաշտոնակատար Յան Համաչեկը հայտարարել էր, որ Չեխիայի ոստիկանությունը գիտի երկու տղամարդու ինքնությունը, որոնք ենթադրաբար մասնակցել են հիշյալ զինապահեստում տեղի ունեցած պայթյուններին, Twitter-ի իր էջում գրել է, որ ինքը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Չեխիայի ներկայացուցիչներին հանձնարարել է իրենց դաշնակիցներին տեղեկացնել Վրբետիցեի դեպքի մասին, հայտնել նաև, որ մտադիր է հաջորդ օրը ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը քննարկել զինապահեստում տեղի ունեցած պայթյունների դեպքը, Չեխիայի վարչապետն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրախորհրդի հաջորդ նիստում նախատեսում է գաղտնազերծել փաստաթուղթը Վրբետիցե գյուղում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների իրականացման մեջ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներգրավվածության մասին, այս ամենին օրերս հաջորդեց խայտառակ սկանդալը:

«Անվտանգության տեղեկատվական ծառայության զեկույցում ասվում է, որ չկա որևէ ապացույց կամ վկայություն այն մասին, թե երկու ռուս գործակալներ գտնվում էին Վրբետիցեի տարածքում»,- ապրիլի 25-ին Ct.24-ի եթերում ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

Զեմանը շեշտել է, որ տեղի ունեցածում մնում են շատ սպիտակ բծեր և հորդորել է չշտապել եզրակացություններ անել: Չեխիայի ղեկավարի խոսքով՝ դիտարկվում է պայթյունի երկու հիմնական պատճառ՝ զինամթերքի հետ անզգույշ վարվելը և օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Չեխիայի վարչապետը վիճել է նախագահի հետ Վրբետիցեում տեղի ունեցած պայթյունի երկու վարկածի շուրջ և հայտարարել, որ երկրի իշխանությունները 2014-ին Վրբետիցեում զենքի պահեստներում պայթյունների պատճառի միայն մեկ տարբերակ ունեն, ինչը ենթադրում է դրանցում ռուսական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝ Չեխիայի իշխանությունները չեն քննարկում զինամթերքի հետ անզգույշ վարվելու սցենարը: Վարչապետը նաև սատարել է իր տեղակալ Յան Համաչեկին, որը քննադատել է նախագահին վերոնշյալ հայտարարությունների համար և ասել, որ նախագահի ելույթը «ուրախացրեց Մոսկվային»:

Ահա թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարումն ընկնում է Անդրեյ Բաբիշի և Յան Համաչեկի նման աննորմալ, ծայրահեղ անլուրջ գործիչների ձեռքը: Կասկածից գրեթե դուրս է, որ Չեխիան, ինչպես նաև վերոնշյալի առնչությամբ նրան սատարած և իրենց երկրներից ռուսաստանյան մի քանի դիվանագետների արտաքսած Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը և Սլովակիան առաջիկայում մեծապես տուժելու են իրենց իսկ հակառուսական թույնից: Այդ պետություններին իրենց տեղը դնելու համար Ռուսաստանն արդեն սկսել է պատասխան քայլեր կատարել: Վա՜յ այն երկրներին, որոնց ղեկավարներն աննորմալ են, զուրկ ողջախոհությունից, ի հավելումն նշվածի, մերը նաև` դավաճան:

 

Արթուր Հովհաննիսյան