ԲՀԿ-ը Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չի առաջադրի, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար. Միքայել Մելքումյան

Նախնական նպատակն այն էր, որ մենք հասնեինք վարչապետի հրաժարականին, որը եղավ և որով իսկ պայմանավորված է արտահերթ ընտրություններ լինելու հանգամանքը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր շրջանակներ այժմ ակնկալում են, որ ընդդիմությունը վարչապետի թեկնածու կառաջադրի առաջիկա նիստերին, քանի որ հայտնի է, որ մայիսի 3-ին վարչապետի ընտրության  հարցն է քննարկվելու:

«Այնպես չէ, որ այդ հրաժարականը և այդ 7 օրում 2 անգամ վարչապետի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելը ինքնանպատակ ինչ որ բան է, բոլորին հայտնի է, որ հրաժարականի միտքը եղել է այն, որպեսզի հունիսի 20-ին լինեն արտահերթ ընտրություններ և ժամկետն էլ պայմանավորված է դրանով: Որևէ բան ինքնանպատակ չի: Ստեղծված քաղաքական կամ տոտալ ընդհանուր ճգնաժամի հանգուցալուծման օրինական ձևը արտահերթ ընտրություններն են: Իսկ եթե ընթացքում ինչ-որ բան է ուզում փոխվի, կամ ինչ որ բան է ուզում արվի, այսինքն դրանով արտահերթ ընտրությունները կասկածի տակ է դնում: Մենք պետք է որոշենք՝ ինչ ենք անում»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ առումով, պետք է գնան հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների իրականացմանը:

Դիտարկմանը՝ սա նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո 2 անգամ էլ ԲՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, Մելքումյանը պատասխանեց.

«Ես ասացի այն, ինչ ասացի, այսինքն՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, որը լինելու է հունիսի 20-ին, թե ոնց, ինչ, ընթացակարգերն արդեն թելադրում են: ԲՀԿ-ն ցուցակի հարց չի քննարկում, դեռ վաղ է: Մենք արդեն քննարկել ենք, և վերահաստատում ենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ և դրան գնալն էլ ինքնանպատակ չի: Նախորդիվ հաստատել ենք, և հիմա պնդում ենք, որ վերջին 15 տարվա ընթացքում, լինելով  մշտապես պառլամենտում ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով 2-րդ քաղաքական ուժը, մի շարք ուժեր գնացին ու եկան, բայց մենք մնացինք մեր տեղում»,- ասաց Մելքումյանը՝ կարևորելով, թե թիմն ում հետ և ինչ ծրագրով է գնում ընտրությունների։

«Այս փաստը վերահաստատում է, որ մենք պետք է գնանք հաղթելու, դա լինելու է, և ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար»,- ասաց Մելքումյանը: