Իրավական տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում․ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի

Իրավական տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով»,- ասել է դեսպանը, ապա անդրադարձել նաև Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերություններին։

«Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակում․․․ Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն»,- ասել է դեսպանը:

Հարցին, թե Վաշինգտոնը Թուրքիայի վրա ինչ-որ ճնշում կգործադրի ՞ որոշակի կարևոր քայլեր ձեռնարկելու համար՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և սահմանները բացելու առումով, դեսպանը պատասխանել է․«Վաղուց կար հետաքրքրություն Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցման խթանման հարցում. դա ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին: Սա շատ կարևոր խնդիր է: Բայց միևնույն ժամանակ պարզ է նաև, որ կան որոշ անմիջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հետկոնֆլիկտային իրավիճակից ելնելով: Սա մի հարց է, որտեղ Մինսկի խումբը կարող է շատ կարևոր դեր ունենալ։ Բայց կան, ինչպես ես ասացի, շատ պարզ, անմիջական խնդիրներ, որոնք, հուսանք, պետք է լուծվեն Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կարողանանք հասնել հաշտեցման ավելի մեծ խնդրին»: